Մեծ հարց է՝ Հայաստանին, առհասարակ, սպասո՞ւմ են ԵՄ-ում, թե՞ բացառապես դիտարկում որպես հարմար աշխարհաքաղաքական գործիք. Զախարովա

Շատ մեծ հարց է՝ Հայաստանին, առհասարակ, սպասո՞ւմ են ԵՄ-ում, թե՞ բացառապես դիտարկում որպես ներկա փուլում հարմար աշխարհաքաղաքական գործիք. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա կրկնել է, որ Հայաստանի հավանական անդամակցումը ԵՄ-ին անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ:

«ԵԱՏՄ-ին անդամակցելու օգուտները հայ ժողովրդի համար անվիճելի և ակնհայտ են և անհամեմատելի Բրյուսելի անհիմն խոստումների հետ: ԵԱՏՄ-ից ստացվող օգուտը կոնկրետ թվերով և փաստերով է, իսկ թե ում և ինչպես է Բրյուսելը խաբում, նույնպես լավ հայտնի է», — նշել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը:

Զախարովայի խոսքով՝ ներկայում անգամ խոսք չկա Հայաստանի համար ԵՄ անդամակացության թեկնածուի կարգավիճակի շնորհման մասին, իսկ անդամակցությունը կարող է տասնամյակներով ձգվել:

«Խոսքը նույնիսկ թեկնածուի կարգավիճակի մասին չէ: Եվ մեծ հարց է` արդյոք ԵՄ-ն, առհասարակ, սպասո՞ւմ է Հայաստանին, թե՞ ցանկանում է երկիրն օգտագործել որպես ներկա փուլում հարմար աշխարհաքաղաքական գործիք», — հավելել է Զախարովան:

Նա բերել է Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպականացման ճանապարհը՝ ասելով, թե դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։