ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը ներկայացրել է Սերժ Սարգսյանի` Հանրապետության տոնի առթիվ ուղերձների կարևոր շեշտադրումները՝ 2018-ից ի վեր։
Ճակատագրական պահին մեր հերոսներն ընտրեցին արժանապատվությունը։
Այսօր ևս մենք կանգնած ենք նույն ընտրության առաջ՝
հնազանդվել, թե՞ պայքարել,
արժանի լինել մեր հերոս նախնիների հիշատակին, թե՞ խուսափել պատասխանատվությունից,
ընդվզել կապիտուլյանտների դեմ, թե՞ հավատալ նրանց խաղաղության դատարկ խոստումներին,
ապավինել սեփական ուժերին, թե՞ հույսը դնել այլոց վրա:
2024 թ. ուղերձից
Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր ազգային գիտակցության, պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է։
Պատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին։
Մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞ արժանանալ նզովքի։
Հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու կոչեր անողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր չունեին և չունեն ազգային հավաքական իրավունքները, շահերն ու վտանգները գիտակցելու, իրականությանը ուղիղ նայելու և գործելու խիզախություն։
Վստահ եմ՝ Սարդարապատի խորհրդանշական զանգերը դարձյալ ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի։
2023 թ. ուղերձից
Սարդարապատի հերոսներն ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի։
Հավերժ փա՛ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից։
Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով։
Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր։
Այսօր էլ վճռական ընտրության պահն է. որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը։
2022 թ. ուղերձից
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր էլ հավատարիմ են ազգային արժեքները պաշտպանելու և սերունդներին փոխանցելու հանձնառությանը։
1918 թվականի մայիսյան այս օրը հայ ժողովրդի նվիրյալ զավակները ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով ու անձնազոհ խիզախությամբ նվաճեցին սեփական Հայրենիքում անկախ և ազատ ապրելու իրավունքը։
Փա՛ռք մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը, քան օտարին հպատակվելը։
Այսօր մեր ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է՝ կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, հոգևոր, մշակութային կոթողները, իր զավակների ապագան, թե՞ ծնկի գալ թշնամու առջև՝ հավատալով խաղաղության դարաշրջան բացելու նրա և հայաստանյան իր սպասարկուների կեղծ ու վտանգավոր հավաստիացումներին։
Մեր ժողովրդի արժանավոր ու պատվախնդիր զավակները կատարել են իրենց ընտրությունը, և ես մաղթում եմ նրանց հաջողություն ներքին ու արտաքին թշնամու դեմ աննահանջ պայքարի ազգանվեր առաքելության ճանապարհին։
2021 թ. ուղերձից
Այն ժամանակ էլ իշխանությունների մեջ կային կամազուրկ, վախկոտ, պարտվողական տրամադրություններով անձինք, որոնք ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում որոշել էին առանց դիմադրության հայրենիքը հանձնել թշնամուն։
Գտնվեցին պատիվ և քաջություն ունեցող ուժեր ու անհատներ, որոնք թշնամուն հանձնվելը անարգանք համարեցին և չենթարկվեցին այդ ստորացուցիչ որոշմանն ու վճռական պայքարի կոչեցին ժողովրդին։
Հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին։
Պատմական այս անդրադարձը զուգահեռներ անցկացնելու և ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու ու կողմնորոշվելու նպատակ ունի։
Կա՛մ մեր հերոս նախնիների օրինակով ընդվզում ենք կապիտուլյանտ իշխանությունների պետականակործան քաղաքականության դեմ և մենք էլ մեր հերթին սերունդներին ենք փոխանցում ազատ, ինքնիշխան, հզոր Հայաստան, կա՛մ արժանանում ենք բացառապես պատմության դասագրքերում մնացած ազգերի ճակատագրին։
2020 թ. ուղերձից
Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին։
Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին։
Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել։
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարվեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա։
Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը։
2019թ. ուղերձից
Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որի տարածքում են գտնվում պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի մասունքները։
Ուխտագնացության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մեծ հայորդու հիշատակին՝ աղոթել՝
ինչպես 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ՝ բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորը և մեր ժողովրդին անձնվիրաբար փրկած հերոս հայորդիների հոգիների հանգստության, այնպես էլ Հայաստանի անկախ Հանրապետության և Արցախի պաշտպանության համար զոհված հայրենանվեր հերոսների համար։
Ուխտագնացության հիմքում դրվել է՝
Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար աշխարհաքաղաքական և ներքաղաքական այս դժվարին ժամանակահատվածում ազգային, պետական շահերի շուրջ համախմբվածության, միասնականության, բոլոր տարաձայնություններն այդ շահերին ստորադասելու և մայիսյան ու արցախյան հերոսամարտերի ձեռքբերումները սրբորեն պահպանելու, ամենօրյա համատեղ ջանքերով ամրապնդելու գաղափարը։