Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ:
Հարցին, թե պետք է տեղի ունենար ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություններ, սակայն որևէ առաջադրում չի եղել, ի՞նչ ճակատագիր է սպասվում ֆակուլտետին, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը պատասխանել է․ «Օգոստոսի 28-ին, ըստ կարգի, պետք է տեղի ունենար ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություններ, սակայն, որքան տեղյակ եմ, դիմումներ չեն ներկայացվել, և դեկանի պարտականությունները ժամանակավորապես տրվել են նույն ֆակուլտետի երկարամյա դասախոս, դոցենտ, կրոնագիտության ամբիոնի վարիչ պարոն Պարգև Բարսեղյանին։ Պարոն Բարսեղյանը ֆակուլտետի ակունքներում կանգնած անձնավորություն է:
Որևէ արտառոց իրավիճակ չեմ տեսնում»։
Անուշավան Սրբազանը հայտնել է նաև, որ շարունակելու է դասավանդել ֆակուլտետում, լինել ֆակուլտետի կողքին՝ սատարելով թե՛ ուսանողներին, թե՛ դասախոսներին։
Լրագրողի դիտարկմանը, թե դեկանի պաշտոնից ազատման հիմնական վարկածն այն է, որ պատճառը լոկ այն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան է, Անուշավան Սրբազանը պատասխանել է․ «Անկեղծ, դժվարանում եմ այս հարցին պատասխանել, դժվար է ասել, թե ինչն էր դրդապատճառը։ Ձեզ հայտնի որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ, պատվերով իհարկե, եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին կեղծ լուրեր տարածեցին, թե իբրև ես եմ վարչապետի խորհրդատուն, ցավոք, տեղյակ ենք, թե պատվերը որտեղից է եղել և ինչ ամոթալի նպատակ է հետապնդել։ Կարծում եմ, որ ոչ հեռու ապագայում ճշմարտությունը կհաղթանակի:
Դեկանի պարտականությունից ազատման պատճառը, պաշտոնական տեղեկատվությամբ՝ պաշտոնավարման ժամկետի լրանալն է: Ավելիի համար, խնդրեմ, կարող եք դիմել համապատասխան կառույցին։
Ես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ, այո, դեռ 1989 թվականից ապրել եմ վանքում, որպես մարդ ձևավորվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իմ տունն է՝ պատանության տարիներից ի վեր»։
Հարցազրույց ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։