Մերձավոր Արևելքում բռնության էսկալացիան սպառնում է հանգեցնել հակամարտության, որը կընդգրկի ողջ տարածաշրջանը։ Նման նախազգուշացումով է հանդես եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։
«Մերձավոր Արևելքը անդունդի եզրին է. բռնության էսկալացիան սպառնում է վերածվել զինված հակամարտության, որը կարող է ամբողջությամբ հեղեղել այն», — ասվում է հաղորդագրության մեջ: ԿԽՄԿ-ն բոլոր կողմերին հիշեցրել է «միջազգային մարդասիրական իրավունքով իրենց պարտավորությունների մասին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները պաշտպանելու անհրաժեշտության մասին»:
«Ռիսկերը հսկայական են։ Եթե բռնության էսկալացիան շարունակվի, քաղաքացիական բնակչությանը կարող է հասցվել անասելի վնաս», — նշել Է Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԿԽՄԿ օպերատիվ գործունեության տարածաշրջանային վարչության տնօրեն Նիկոլաս ֆոն Արքսը:
Կոմիտեն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զինված հակամարտությունից ամենաշատը տուժել են քաղաքացիական անձինք:
«Դրա օրինակ կարող են ծառայել Իսրայելում պատանդառումը և Գազայի հատվածում ներկայիս հումանիտար աղետը։ Իսկ այժմ մենք տեսնում ենք Լիբանանում զոհերի թվի եւ ավերածությունների ծավալների սարսափելի աճ», — հայտարարել Է ԿԽՄԿ-ն։ Նա բոլոր կողմերին կոչ է արել «զերծ մնալ բնակելի շրջաններում պայթուցիկ գործողության զենք կիրառելուց»: Մարդիկ, ովքեր ստիպված են լքել իրենց տները, պետք է հնարավորություն ունենան «անվտանգ հեռանալ և մարդասիրական օգնություն ստանալ»:
ԿԽՄԿ-ն աշխատում է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի շարժման իր գործընկերների հետ՝ «տարածաշրջանում մեծացնելով գործունեության ծավալները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջապահական ծառայությունների աջակցությանը»: Սակայն «օգնության կարիքները շուտով կարող են այնքան մեծանալ, որ մարդասիրական կազմակերպություններն ի վիճակի չեն լինի բավարարել դրանք», — նշել են կազմակերպությունում: