ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է հարցին՝ ինչքանով է հաջողվել քրեաիրավական տեսանկյունից ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները:
«Եթե ավելի պարզ ասեմ, բոլոր ուղղություններով իրավիճակը մեր համար արդեն պարզ է: Բոլոր ուղղություններով քննություներն արդեն արված են, հիմնական քննությունն արված է և ունենք մեր տեսանկյունից իրական պատկեր»,- ասաց Քյարամյանը:
«Մեր համար շատ ավելի կարևոր է պատկերը, քան առանձին անձանց քրեական պատասխանատվությունը: Ընդհանուր առմամբ, այս գործերով 600-ից ավել անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք և շուրջ 100-ի վերաբերյալ էլ այս ընթացքում քննարկումներ են ընթանում գործերն ավարտելու և դատարան ուղարկելու վերաբերյալ: Մենք այս հարցին վերաբերվել ենք ոչ թե որպես քրեական գործերի, այլև շատ ենք կարևորել դրանց պատմական արժեքը և փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ անդրադառնալ բոլոր դրվագներին: Կան մարտական գործողություններ, որոնց ընթացքին մենք անդրադարձել ենք ընդհուպ մինչև ցանկացած շարքային զինծառայողի քննելու մակարդակով: Գործերի ընդհանրական քանակը շուրջ 2000 հատոր է»,- ասաց Քյարամյանը: