Aravot.am-ը գրում է․
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կրիպտոարժույթները տարեցտարի ավելանում են: Եթե 2021թ. քաղաքապետն ըստ հայտարարագրի ուներ 1 Bitcoin, ապա 2024թ.` 4,57 Bitcoin: Տիգրան Ավինյանից, մասնավորապես մայիս ամսին, հետաքրքրվել էինք, թե 2023թ. ինչ ճանապարհով է ձեռք բերել լրացուցիչ 1,81 Bitcoin-ը, քանի որ նա 2022թ. համար հայտարարագրել էր 1,81 Bitcoin, իսկ 2023թ.համար`3,62 Bitcoin: Ի պատասխան այս հարցի` քաղաքապետն ընդգծել էր, որ ավելացված կրիպտոարժույթը ձեռք է բերել բացառապես մայնինգի կիրառման միջոցով: Սակայն Ավինյանին ուղղված երկրորդ հարցը, թե քանի կՎտ էներգիա է ծախսել լրացուցիչ 1,81 Bitcoin ձեռք բերելու համար, մոտ երկու ամիս է՝ մնացել է անպատասխան: Նշենք, որ Bitcoin-ի արժեքը տարեցտարի մեծանում է, եթե 2022թ, 1 Bitcoin-ը (ըստ finance.yahoo.com կայքի), օրինակ, տատանվել է 16000-47000 դոլարի սահմաններում, ապա 2023թ.` 16000-44000 դոլարի, 2024թ.` 40000-106000 դոլարի, իսկ 2025թ. ավելի քան 110000 դոլար արժե:
«WEB 3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանի խոսքով` եթե անձն ունի միջին վիճակագրության սերվեր, և էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի համար հաշվարկվում է 40 դրամ` ապա վաստակած Bitcoin-ի մոտ քսան տոկոսը իր եկամուտը կլինի:
Այսինքն` այս պարագայում Տիգրան Ավինյանը 2023թ., 1 Bitcoin-ի համար նվազագույնը 16000 դոլար հաշվարկի պարագայում, պետք է ծախսեր տարեկան ավելի քան 23000 դոլարի էներգիա` 1,81 Bitcoin վաստակելու համար: Նշենք, որ հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել ՀՀ կենտրոնական բանկի հեղինակած «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքը, որը չի կարգավորում մայնինգը: Արտյոմ Հարությունյանի դիտարկմամբ` աշխարհում մայնինգը կարգավորելու հաջողված պրակտիկա չկա. «Մարդիկ հոսանքի գումարը վճարում են, հարկերը վճարում են, ինչի համար փորձել հավելյալ հարկել նրանց»: Անդրադառնալով «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի մյուս դրույթներին` Արտյոմ Հարությունյանը նշեց, որ Կենտրոնական բանկը փորձում է իր ձեռքը վերցնել ոչ միայն կրիպտոակտիվների վերահսկողությունը, այլև WEB 3 և բլոկչեյն տեխնոլոգիաները, որոնք ՏՏ տիրույթում են. «Կրիպտոտեխնոլոգիաները ստեղծվել են պայքարելու հենց կենտրոնական բանկերի և բանկային մաֆիաների անարդարությունների դեմ: Այսինքն` աբսուրդի ժանրից է, որ ԿԲ-ն կարգավորի այդ ոլորտը: Այս օրենքի բուն նպատակը, ոչ թե ֆինանսական ապօրինությունների, օրինակ, փողերի լվացման դեմ պայքարն է, այլ մեր քաղաքացիների ֆինանսները նորից բանկեր վերադարձնելն է: Զարգացած երկրներում, օրինակ, Շվեյցարիայում, երբ կրիպտոյով միջազգային փոխանցում է արվում, քաղաքացիները միջնորդավճարներ չեն վճարում: Մեր երկրում ևս այդպես էր, բայց այս օրենքով քաղաքացու գրպանից դուրս է գալու գումարը գնալու է միջնորդ` եվրոպական բանկերի գրպանը: Այսինքն` անգամ մեր երկրում չի մնալու այդ գումարը»,-ասաց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ ՀՀ ԿԲ-ն օրենքի նախագիծը մշակելիս վերցրել է եվրոպական կարգավորումը, որը դեռևս փորձարկված չէ, մինչդեռ կարող էր վերցնել, օրինակ, ԱՄՆ-ի, Սինգապուրի ֆինանսական ապօրինությունների դեմ պայքարելու տարբեր կարգավորումները, որոնք նաև տնտեսությունը խթանելուն են միտված. «Կրիպտոյի օգտագործումը թույլ էր տալիս Իրանի, ՌԴ-ի քաղաքացիներին ազատ ներդրումներ կատարել Հայաստանում, որովհետև պատժամիջոցների պատճառով այդ երկրների քաղաքացիները ՀՀ բանկերում սպասարկվելու խնդիրներ ունեն: Կրիպտոարժույթների գործարքներով տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ էր մտնում հայկական տնտեսություն, սակայն հաշվի առնելով, որ այս օրենքով ԿԲ-ն պարտադրում է այդ գործարքները կատարել բանկային հաշվեհամարներով, հետևաբար այդ գումարները կգնան արդեն հարևան երկրներ` Ադրբեջան, Վրաստան, Ղազախստան և այլն»: Արտյոմ Հարությունյանը շեշտեց` «Կրիպտոակտիվների մասին» օրենքն անգամ եվրոպական երկրներում ուժի մեջ չի մտել. «Եվրոպական բանկերը փորձում են իրենց վասալ երկրներում դա անցկացնել, և այդ երկրներից ցավոք առաջինը, որը որոշեց խելոք ենթարկվել, պարզվեց Հայաստանն է»: