Տեսնում ենք, ինչ է կատարվում, հետեւում ենք, բայց արձագանքելու որեւէ գան չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների «դատավարությանը»:
«Ցավալի է՝ ինչ է տեղի ունենում, հույս ունենանք, որ դատավարության ավարտից հետո այն հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձեւով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ, կամ ինչ-որ ձեւով այդ հարցը լուծել»,-ասաց նա:
Անդրադառնալով ԼՂ նախկին պաշտոնյաների պնդումներին, որ հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրում այդ ուղղությամբ, Ալեն Սիմոնյանն ասաց. «ԼՂ նախկին պաշտոնյաների ասածներին միտված չեմ հետեւել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն: Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետեւանքը տեսանք: Իրենց կողմից ճիշտը լռելն է:
Իրենք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք փախստական: ՀՀ-ի իշխանությունը մեկն է, եւ այո, մենք պետք է որոշում կայացնենք, իրենք էլ այդ որոշումներին ենթարկվեն, այլ ոչ թե փորձեն առանձին օրակարգ բերեն: Դա չի ստացվելու, թույլ էլ չենք տալու: Թող իմանան՝ ով ինչով է զբաղվում ու հանկարծակի չսխալվեն: Բազմիցս դրա մասին ասել ենք»,-ասաց նա:
ԱԺ նախագահը չհամաձայնեց պնդմանը, որ իշխանությունների որոշումով է Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում եւ արցախցիները մնացին առանց հայրենիքի. «Մեր կայացրած որոշումով չէ, Ղարաբաղը երբեւիցե ՀՀ-ի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն: ՀՀ-ն որեւիցե իր հարեւանի նկատմամբ տարածքային պահանջ չունի եւ չի ունեցել»: