Search
Close this search box.

«Հրապարակ». Աբսուրդ գաղափարի հեղինակը Ֆինանսների նախարարն է

«Հրապարակ»-ը գրում է. «Գրել ենք, որ կառավարությունը մտադիր է հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը ևս հարկել 20 տոկոսի չափով և վերջին շաբաթներին այս թեմայով մասնագիտական քննարկումներ են ընթանում։
Թեև դեռևս շրջանառության մեջ դրված նախագիծ չկա, սակայն կա աշխատանքային փաստաթուղթ՝ ֆինանսների նախարարության կողմից մշակված։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծի, ավելի ճիշտ՝ գաղափարի հեղինակը ֆինանսների նախարար, ՔՊ-ի հնաբնակ Վահե Հովհաննիսյանն է, ով ներկուսակցական հավաքների ժամանակ հաճախ է ակնարկել է այս մասին, բայց արժանացել է կուսակցականների դիմադրությանը։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում կտրականապես դեմ են այդ գաղափարը կյանքի կոչելուն ևւ համառ պայքար են մղում դրա դեմ, քանի որ իրենցից շատերն էլ են հիփոթեկով տուն գնել, և քանի որ բարձր աշխատավարձ են ստանում, հետեւաբար եկամտահարկն էլ է բարձր, ուստի նրանց բոլորովին դուր չի գալիս այս առաջարկը։

Համաձայն աշխատանքային փաստաթղթի՝ առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ենթադրվում է, որ եթե, օրինակ, քաղաքացին հետ է ստանում 100 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար, ապա եկամտային հարկով հարկվելու դեպքում 100 հազար դրամի փոխարեն քաղաքացին կստանա 80 հազար դրամ։ Եթե այս գաղափարկը կյանքի կոչվի, ապա հիմնավորումը լինելու է այն, որ ունևոր խավն է վարկունակ, ուստի պետք է նաև եկամտահարկի հարկ վճարի»:

Մանրամասները՝ թերթի համարում: