Արդեն 3 տարի է` Գլխավոր դատախազությանը չի հաջողվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին և որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2004թ. աճուրդով վաճառված պահուստային հողերի գործով «բարենպաստ» դատական ակտ ստանալ: Գործերը հայտնվել են շրջապտույտի մեջ: Նախ՝ Վարչական դատարանը սկզբում վարույթ չէր ընդունում հայցադիմումները: Դրանից հետո, Դատախազությունը որոշ փոփոխություններ արեց և նոր հայցեր ներկայացրեց: Սակայն, այս անգամ էլ Վարչական դատարանը որոշել է գործերը քննության ուղարկել Հակակոռուպցիոն դատարան: Մինչդեռ այնտեղ էլ կարծում են, որ այդ գործերն իրենց ենթակա չէ:
Գլխավոր դատախազությունը 2024թ. օգոստոսին Արտաշատի համայնքապետարանի դեմ երեք հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ Մխչյան համայնքի ղեկավարի՝ աճուրդին վերաբերող որոշումներն առոչինչ ճանաչելու, նրա ու Աբրահամյանների միջև ստորագրված առուվաճառքի պայմանագրերի և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով: Հողատարածքներից երկուսը օտարվել էին Արգամ Աբրահամյանին, մեկը՝ Ջուլիետա Աբրահամյանին:
Դատախազությունը պահանջում է առոչինչ ճանաչել Մխչյան համայնքի ղեկավարի 3 որոշումները, որոնցով «առանց իրավական հիմքի օտարվել են 8.9 հա, 7.2 հա և 4092քմ մակերեսով պահուստային ֆոնդի երեք հողատարածքները»: Նշենք, որ այդ հողատարածքներից 16.1 հա-ի սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, իսկ 4092քմ -ինը՝ Ջուլիետա Աբրահամյանը:
Վարչական դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Բոյաջյանի, նշված գործերը վերահասցեագրել է Հակակոռուպցիոն դատարան, քանի որ «Գլխավոր դատախազության կողմից հարուցված հայցը հանդիսանում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով հարուցված քաղաքացիական գործ»:
Արգամ Աբրահամյանին վերաբերող դատական գործերից մեկը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին: Դատավորի մոտ ևս հարց է առաջացել՝ արդյոք այս գործերը պետք է քննի Հակակոռուպցիոն դատարանը, և 2025թ. հուլիսի 23-ին որոշում է կայացրել դիմել Վճռաբեկ դատարան՝ ենթակայությունը որոշելու համար:
Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանը նշել է, որ Գլխավոր դատախազությունը հիմնական պահանջով վիճարկում է ոչ թե աճուրդի՝ օրենքով նախատեսված ընթացակարգին առնչվող խախտումներով անցկացված լինելը, ինչպես այդ մասին նշում է Վարչական դատարանը, այլ աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համայնքի ղեկավարի կողմից հաստատելու արդյունքում դրա առոչինչ լինելը։ Այսինքն՝ Դատախազությունը Վարչական դատարանում վիճարկում է համայնքի ղեկավարի հաստատած արձանագրությունը, որով վաճառվել է օտարման ոչ ենթակա հողամաս: Հետևաբար այն հանրային իրավահարաբերություններից ծագած վեճ է և ընդդատյա է Վարչական դատարանին։
Մյուս երկու գործերով Հակակոռուպցիոն դատարանը, «Դատալեքս» տեղեկատվական պորտալում հրապարակված տեղեկատվության համաձայն, դեռ որոշումներ չի կայացրել:
Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող մոտ 161 հա հողի օրինականությունը Դատախազությունը վիճարկում է դատարանում
Հիշեցնենք, 2023թ. հունիսին Գլխավոր դատախազությունը Արտաշատի համայնքապետի դեմ մի շարք հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին օտարած մոտ 161 հա հողի օրինականությունը, ինչպես նաև վերացնել հետևանքները: Խոշորացումից հետո նշված գյուղերը մտել են Արտաշատ համայնքի կազմի մեջ այդ իսկ պատճառով պահանջը ներկայացվել է Արտաշատի համայնքապետի դեմ:
Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավարը 2004թ. սեպտեմբերի 24-ին 5 տարբեր որոշումներով ընդհանուր 40.6 հա հողատարածք է օտարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին: 2003թ. փետրվարի 7-ի որոշմամբ 4092 քմ հողամաս էլ օտարել է Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին:
Ինչպես փոխանցել էին Գլխավոր դատախազությունից՝ համայնքի ղեկավարի որոշումները կայացվել են օրենքի խախտմամբ, քանի որ օտարվել են պահուստային ֆոնդի հողերում ընդգրկված հողամասեր՝ առանց դրանց նպատակային նշանակության փոփոխության, մինչդեռ դրանց օտարումը թույլատրվում է միայն նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո:
Սակայն, Վարչական դատարանն իրար հետևից վերադարձրել կամ վարույթ չէր ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումները: