«Որևէ ամբիոնից որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունենք: Դուք նշեցիք կոռուպցիոն սխեմայի մասին (նկատի ունի մանկապարտեզի աշխատանքների թերակատարումը), ինչից ես այդքան էլ տեղյակ չեմ»,- Նոր Նորքի թաղապետարանում համայնքի ղեկավարի կողմից բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը: «Բայց ուզում եմ ասել, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից:
Եթե նույնիսկ էսօր մեր թիմից է, և հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված է, էդ պահից ինքը կդադարի լինել մեր թիմից»,- հավաստիացրեց նա:
«Բռնությունը մեզ համար անընդունելի է, մենք կարծես շատ հստակ ենք այս հարցում»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ հեգնեց` կրկնելով Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերը. «Կոռուպցիան հո պոզով պոչով կենդանի չի՞»:
Քիչ անց ավելի բորբոքվելով` Փաշինյանը հայտարարեց. «Ես հավաստիացնում եմ` ձեր ասած դեպքի մասին (Նոր Նորքի թաղապետարանում Արթուր Չախոյանին ծեծելու-խմբ.) լսում եմ առաջին անգամ: Ես ավելի կարևոր գործեր ունեմ, դրա համար երկրում կան կայացած ինստիտուտներ»: