Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, և Ռուսաստանը կհասկանա Երևանի ընտրությունը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Իհարկե, ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, մենք կհասկանանք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Նրանք խոսում են Եվրամիությանը մերձենալու իրենց ցանկության մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանը շատ լավ հասկանում է սա… Ինչ-որ պահի նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն դա անել», — ասել է նա Կազանում կայացած ֆորումի շրջանակներում։
«Հայաստանը մեզ համար շատ մտերիմ երկիր է, դաշնակից։ Այն Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ մեզ միավորող մարդկային կապերը շատ խորն են, շատ լուրջ և շատ երկարատև։ Եվ մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի ժողովրդի նկատմամբ», — ընդգծել է Օվերչուկը։





