Համահայկական ճակատ շարժում տելեգրամյան էջը գրում․
Մինչ Փաշինյանը խոսում է իր կառավարության «աննախադեպ» ձեռքբերումների, աշխատատեղերի ստեղծման և աշխատավարձերի բարձր աճի մասին, նա փորձում է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց՝ ստիպելով նրանց հավատալ, որ նրանք շատ ավելի լավ են ապրում, քան նախկինում։ Իրական կյանքում տեղի են ունենում բոլորովին այլ գործընթացներ: Իրականում, Հայաստանում սոցիալական իրավիճակը գնալով լարվում է, իսկ գործարար շրջանակները սրընթաց արագորեն նեղանում են:
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանում փակվել է 4201 ձեռնարկություն։
Սա իսկապես չլսված իրադարձություն է իշխանությունների հայտարարած աննախադեպ «ձեռքբերումների» ֆոնին։ Բնականաբար, Փաշինյանը քաղաքացիների «գլուխները չի լցնում» նման մանրուքներով, բայց դա չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն։
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ եթե նախորդ տարվա վերջին Հայաստանում գործել է 70560 ընկերություն, ապա այս տարվա ապրիլին մնացել է 66359 ընկերություն։ Չորս ամսում փակվել է գործող ընկերությունների գրեթե 6 տոկոսը։ Չկա ամիս, որ մի քանի հարյուր ընկերություններ չդադարեցնեն իրենց գործունեությունը։
Հունվար ամսին Հայաստանում փակվել է 1289 ընկերություն։ Փետրվարին՝ ավելի շատ՝ 1717 ընկերություն։ Մարտին իրենց գործունեությունը դադարեցրել են ևս 599 ընկերություն, իսկ ապրիլին՝ 596 ընկերություն։ Այսպիսով, 4 ամսվա ընթացքում փակվել է 4201 ձեռնարկություն։
Նույնիսկ նախորդ տարվա ապրիլին Հայաստանում գործում էին ավելի շատ ընկերություններ, քան այս տարի։ Գործող ընկերությունների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 2404-ով, ինչը խոսում է Հայաստանում բիզնես վարելու համար ստեղծված անառողջ մթնոլորտի և անհավասար պայմանների մասին։ Որքան էլ որ իշխանությունները փորձեն խեղաթյուրել իրականությունը, սա նրանց ստեղծած բիզնես դաշտի և գործարար միջավայրի գնահատականն է։ Ընդլայնվելու և աճելու փոխարեն՝ ընկերությունները փակվում և դուրս են մղվում։
Փակվել են հիմնականում փոքր և միջին բիզնեսի ոլորտում գործող ընկերություններ, որոնց դեմ, ինչպես հայտնի է, իշխանությունները տարեսկզբից իրականացնում են հարկային տեռոր՝ կրկնապատկելով հարկային բեռը։ Նման քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ փոքր և միջին բիզնեսը զանգվածաբար դադարեցնում է իր գործունեությունը։
Հայաստանում գործող փոքր ձեռնարկությունների թիվը չորս ամսում նվազել է 4273-ով ։ Անցյալ տարվա վերջի ավելի քան 59 հազարից այս տարվա ապրիլի վերջի դրությամբ մնացել են 54,7 հազարը։
Փակվել են հազարավոր ընկերություններ և հազարավոր աշխատատեղեր փոքր և միջին բիզնեսի ոլորտում։ Վերջին 4 ամիսների ընթացքում այստեղ աշխատող քաղաքացիների թիվը կրճատվել է ավելի քան 4,2 հազար մարդով. ապրիլի վերջին 148,4 հազար աշխատողներից մնացել է 144,2 հազարը:
2025 թվականին փոքր բիզնեսում ավելի քիչ մարդ է աշխատում, քան նույնիսկ 2024-ի ապրիլին: Մեկ տարվա ընթացքում ոչ միայն առաջընթաց չի գրանցվել, այլև փակվել է 511 աշխատատեղ:
Իսկ այն, որ Փաշինյանն այդքան հպարտանում է ստեղծված աշխատատեղերով, եթե ինքը չգիտի, ապա թող իմանա, որ վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանում ընդամենը 19 աշխատատեղ է ավելացել։ Դրա հիմնական պատճառն այն է, որ փոքր բիզնեսում աշխատատեղեր չեն ստեղծվել, իսկ եղածները փակվում են։
Իրականացվող հարկային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ խոշոր բիզնեսը կլանում է փոքր բիզնեսը։ Տեղի է ունենում բիզնեսի կենտրոնացում և մենաշնորհացում (մոնոպոլիզացիա), որի դեմ նրանք ժամանակին իբր պայքարում էին։ Փոքր բիզնեսը դուրս է մղվում, իսկ դրա տեղը զբաղեցնում են խոշոր ձեռնարկությունները։
Նման վտանգավոր տնտեսական քաղաքականությունը լուրջ սոցիալական խնդիրներ է ենթադրում։ Փոքր բիզնեսը սոցիալական բիզնես է, որի օգնությամբ մարդիկ լուծում են իրենց աշխատանքով ապահովելու և ապրուստի միջոցներ ստեղծելու խնդիրները: Իշխանությունը որոշել է դա խլել նրանցից և տալ խոշորներին։
Վերջին շրջանում բիզնես ոլորտում տեղի ունեցողը դրա վառ արտահայտությունն է։ Փոքր բիզնեսները փակվում են, ինչը հանգեցրել է մի քանի հազար ընկերությունների փակմանը և մի քանի հազար աշխատատեղերի կրճատմանը:
Սոցիալական առումով այս երևույթը վաղը շատերի համար խնդիր կդառնա: Չնայած դա արդեն տեղի է ունեցել: Փոքր բիզնեսում ոչ միայն աշխատատեղեր են կրճատվել, այլև նվազել են աշխատավարձերը։
2024 թվականի ապրիլին այս ոլորտում միջին աշխատավարձը կազմել է
146,9 հազար դրամ, 2025 թվականի ապրիլին այն դարձել է 140,9 հազար, այսինքն կրճատվել է 6 հազարով։
Սա նշանակում է, որ փոքր ու միջին բիզնեսի ոլորտում աշխատող
144,2 հազար քաղաքացի նախորդ տարվա համեմատ միջինը 6 հազար դրամով պակաս եկամուտ է ստացել։ Դա ուղեկցվել է բարձր գնաճային ճնշմամբ և առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճով։
2025 թվականի մայիսին Հայաստանում 12-ամսյա գնաճը հասել է
4.3%-ի, իսկ սննդամթերքի գներն աճել են 7.4%-ով: Սոցիալական նշանակություն ունեցող շատ ապրանքների դեպքում գնաճը կազմել է 15-20%, իսկ երբեմն՝ ավելի բարձր։
Այս պայմաններում փոքր և միջին բիզնեսի ոլորտում աշխատող
144.2 հազար քաղաքացիների աշխատավարձի տեսքով ստացված եկամուտը նվազել է 6000 դրամով։ Հիմա թող Փաշինյանը հաշվարկի և ասի՝ իր և իր գովաբանված աշխատանքի արդյունքում այդ մարդկանց կյանքը լավացե՞լ է, թե՞ վատացել։