Խորհրդարանը քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Հայտնի է, թե որ հանձնաժողովների նախագահների պաշտոններից զրկվեց «Քաղաքացիական պայմանագիրը»։
Նշենք, որ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձևով:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ ըստ Դոնթի բանաձևի՝ այդ համամասնությունը հետևյալն է՝ 8 հանձնաժողովի նախագահներ կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանը» և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:
«Բանաձևի համաձայն՝ 7 հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի ՔՊ խմբակցությունը, 4-ը՝ «Ուժեղ Հայաստանը» և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: Բանաձևի համաձայն՝ առաջին և երկրորդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է ՔՊ խմբակցությանը»,- հայտնեց ԱԺ նախագահը:
Ըստ այդմ, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ընտրեց Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովը և Եվրաինտեգրման հանձնաժողովը, իսկ «Հայաստան» խմբակցությունն ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ ՔՊ–ն Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեկնածու էր առաջադրել Ծովինար Վարդանյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահի համար՝ Վահե Ղալումյանին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի համար Սոնա Ղազարյանին, և Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի համար Զարուհի Բաթոյանին։
ՔՊ–ն նախապես հայտարարել էր, որ այն հանձնաժողովները, որոնց նախագահների պաշտոնը բաժին հասնի ընդդիմությանը, նախագահների թեկնածուները կընտրվեն հանձնաժողովների փոխնախագահներ։





