Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աբու Դաբիում կայացած հանդիպումից հետո Իլհամ Ալիևը ծաղրում է Հայաստանին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցնում նրա խոսքերը Ստեփանակերտում 2019-ի օգոստոսին, ակնարկում նրա խմբակային պարը Շուշիում, ասում, թե ադրբեջանցին չպիտի տեսնի հայ սահմանապահի երեսը, երբ Հայաստանի տարածքով անցնի Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ…
Հայաստանից պաշտոնական քար լռություն, փոխարենը վարչապետ Փաշինյանն ու նրա մոլեռանդ թիմակիցներն ու աջակիցները պատրաստվում են գրոհել Մայր Աթոռը:
Ես կողմնակից եմ, որ Հայաստանը զգույշ լինի Ադրբեջանի և Թուրքիայի հարցերում: Ավելին, շատ ճիշտ քայլ եմ համարել պարոն Փաշինյանի այցը Թուրքիա, խոսակցությունը նախագահ Էրդողանի հետ: Այո, պետք է անդադար խոսել թուրքի և ադրբեջանցու հետ:
Բայց, մյուս կողմից, կարծում եմ, որ պաշտոնապես Հայաստանը պետք է պատասխանի Ալիևի ծաղրանքին ու վիրավորանքին:
Կողմ չեմ, որ Երևանը ընտրի նույն բառապաշարը, ինչպիսին ընտրում է պարոն Ալիևը: Խոսքը առաջին հերթին հայ ժողովրդի հետ խոսելու մասին է: Այլապես հայաստանցիներին այլ բան չի մնա, քան համոզվել, որ նախագահ Ալիևը ճիշտ է խոսում:
Ու նաև վիրավորական է, երբ Իլհամ Ալիևը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի ժողովրդին, իսկ վարչապետը ընկել է եկեղեցու հետևից: Ու ստացվում է, որ Հայաստանի տարածքները զավթած և մեր երկրի սուվերեն հողում մինչև հարյուր բլուր ու սար գրաված հակառակորդին չենք հիշեցնում այդ մասին, բայց Մայր Աթոռը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից ազատելը առաջնահերթ է մեր երկրի համար:
Պետք է ինչ-որ կերպ օգնել, որ պարոն Փաշինյանը հաղթահարի ադրբեջանական վախերը: Ժամանակին նա հայտարարում էր, կարդալ՝ սպառնում, թե կդիմի ադրբեջանցի ժողովրդին: Հեղափոխությունից յոթ տարի անց Հայաստանի վարչապետը չի արձագանքում մեր երկրի ու իր հասցեին ադրբեջանական հայտարարություններին:
Այո, պետք է զգույշ լինել Ադրբեջանի հետ, բայց նաև հաղթահարել վախը: ՈՒ այս հարցում մենք պետք է օգնենք Հայաստանի իշխանություններին՝ անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Անձամբ, որպես ՀՀ շարքային քաղաքացի, ով չի ընտրել Փաշինյանին և չի ընտրելու նրան առաջիկա ընտրություններում, այդպես եմ մտածում»: