«Մայր Հայաստան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել: Այս մասին հայտնել է դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
«Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել: Երկու երեխաների առջև սթրեսի ենթարկելով ձերբակալեցին, բայց ոչինչ չկարողացան գտնել»,- ասաց Սիմոնյանը:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և ԱԱԾ-ից ստացված հաղորդումների հիման վրա:
Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին: