Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը արծաթե մեդալ նվաճեց Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում : Տղամարդկանց 73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցեց 338 կգ արդյունք (153+185):
Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը մեկնարկեց 150 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 153 կգ: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 156 կգ, բայց Սահակյանը չկարողացավ բարձրացնել:
Հրում վարժությունում Սահակյանը նախ բարձրացրեց 181 կգ, ապա՝ 185 կգ, բայց երրորդ մոտեցման համար պատվիրած 189 կգ-ը ձախողեց:
Այս վարժությունում Գոռ Սահակյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Գոռ Սահակյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2021 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2022 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:
Մեծահասակներում նորամուտը նշել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ 67 կգ քաշայինների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):
2023 թ. սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):
2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 67 կգ քաշային կարգում Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ (140+171)։
Հոկտեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) նվաճեց ոսկե մեդալ: