Search
Close this search box.

«Եթե կրակն էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն»․ հարց՝ մեղադրյալ Եղիշե Հակոբյանին

«Մեղքից չեմ խուսափում, ցանկացել եմ վառարանը վառեմ, էդ ընթացքում Ռադիկն էլ է եղել իմ կողքին, Լևոն Խառատյանն էլ, բայց վառարանը վառել ես եմ ցանկացել»։ Դատարանում այսպիսի հայտարարություն արեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով գլխավոր մեղադրյալ Եղիշե Հակոբյանը։ «Խառատյանը մինչև վերջ մնաց կողքիս, ուզեց բուշլատով հանգցնել կրակը, էդ պահին այրվածք եմ ստացել, չեմ նկատել, որ Ռադիկը բռնկման ընթացքում դուրս է եկել տնից։ Ես տեսել եմ, որ Լևոնն էլ, Ռադիկն էլ ցանկացել են հանգցնել, բայց հետո դուրս են եկել՝ տեսնելով որ հնարավորություն չունեն կրակը հանգցնել»,- ասաց Հակոբյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է, որ Ռադիկը ակնթարթորեն դուրս է եկել, իսկ անձնակազմը քնած է մնացել, մեղադրյալը պատասխանեց՝ ասելով․ «Դուրս եմ եկել, մտածելով, որ անձնակազմը տարհանվում է։ Ձայները անհնարին ա, որ լսած չլինեն։ Կրակը ննջարան ամենավերջում ա մտել, եթե շմոլ գազ է եղել, երկու զինծառայողները զարթնել են, թե մնացածն ինչու չեն զարթնել՝ ինձ համար էլ է անհասկանալի»։

Տուժողներից մեկի հարցին՝ «եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն», Հակոբյանը պատասպանեց․ «Երևի, չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող։