Թրամփը հայտարարեց Ուկրաինան լիակատար պարտությունից փրկելու փորձի մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է փրկել Ուկրաինան, հակառակ դեպքում այն լիակատար պարտություն կկրի։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին ասել է The Atlantic ամսագրին տված հարցազրույցում։
«Ես հավատում եմ, որ փրկում եմ այս ազգը։ Կարծում եմ՝ այս ազգը շատ շուտով կջախջախվի,- ասել է Թրամփը։- Սա հզոր ռազմական մեքենա է, եկեք առերեսվենք դրա հետ։ Եվ եթե ես չլինեի… Ես էի, որ նրանց տվեցի Javelin-ները, որոնք ոչնչացրին տանկերը»։
Թրամփը շեշտել է, որ կարծում է, որ ճիշտ բան է անում՝ փրկելով Ուկրաինան։ «Նորվեգիայի վարչապետը՝ շատ հարգված մարդ, ասաց, որ եթե նախագահ Թրամփը չմիջամտեր, այս պատերազմը երբեք չէր ավարտվի։ Ես կարծում եմ, որ ես մեծ ծառայություն եմ մատուցում Ուկրաինային։ Ես հավատում եմ դրան»,- ասել է նա։
Հարցին, թե արդյոք նա տեսնում է մի իրավիճակ, երբ Միացյալ Նահանգները կմիջամտի հակամարտությանը և կաջակցի Ուկրաինային մեծ քանակությամբ զենքով՝ նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Թրամփը պատասխանել է` պարտադիր չէ, որ զենք լինի ավանդական իմաստով։
«Կան զենքի բազմաթիվ տեսակներ։ Կարող է չլինել փամփուշտներով զենք, այլ` պատժամիջոց, բանկային ճնշում։ Կարող են լինել նաև զենքի այլ տեսակներ»,- բացատրել է նա՝ խոսելով Ռուսաստանի վրա ազդելու միջոցների մասին։
Թրամփը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման ջանքերն այժմ գտնվում են իրենց վերջնական փուլում։
«Կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Մենք արդեն վերջնագծին ենք հասել,- ասել է նա։ — Եվ կրկին, սա Բայդենի պատերազմն է։ Ես չեմ ուզում, որ այն ինձ վրա բարդվի։ Ես չեմ ուզում պատասխանատու լինել նրա համար։ Սա սարսափելի պատերազմ է։ Դա երբեք չպետք է տեղի ունենար»։
Մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց եռօրյա հրադադարի մասին՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձի։ Կրեմլը շեշտեց, որ այս կերպ Ռուսաստանը հայտարարում է առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին։ Ապրիլի 29-ին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ չնայած Ուկրաինայի իշխանությունների` լեգիտիմության հետ կապված դժվարությունները մնում են, խաղաղ կարգավորման շահերը «ամեն ինչից վեր» են։