Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ու գրել.
«14-ը մայիսի 2023 թ. Սա իմ տուն տանող ճանապարհ է…
Շրջափակման ժամանակ հաճախ էի տեսանյութեր ուղարկում Արցախից դուրս գտնվող ընկերներիս, որ հանկարծ չկոտրվեն, չթուլանան, պայքարեն…Երբևէ մտքովս անգամ չի անցել, որ մի օր այլևս այս ճամփան ինձ տուն չի տանի։ 11 չապրված ամիսներն ինձ համոզեցին, որ յուրաքանչյուրս պիտի ի’ր տուն դառնալու պայքարը տանի ու հենց այդ տներն են, որ գյուղն ու քաղաքը, պետությունն ու հայրենիքը պիտի վերադարձնեն, մեզ միավորեն հանունի։
Ես չեմ սգա, չեմ ողբա, ես ի’մ տունդարձի պայքարը ունեմ, նահատակված քաջորդիներին պատասխան ունեմ տալու։ Սա հենց ի’մ անձնական պայքարն է։ Ես դեռ պիտի Սեպտեմբերի 2-ներ նշեմ իմ տանը, իմ քաղաքում, իմ հայրենիքում:
«Պաշտում եմ Հայաստան հայրենիքս, բայց պիտի գնամ Արցախ հայրենիքս։
Վաղը, սեպտեմբերի 1-ին, ժամը 19։00 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում կայանալիք հավաքին, որը նվիրված է Արցախի Հանրապետության օրվան։