Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունել են Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝ կլինի հաջորդ շաբաթ՝ ԵՄ արտգործնախարարների նիստում։
«Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։
Ըստ այդ փաստաթղթի՝ առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։
Այդ խորհրդատվությունները կենտրոնանալու են քաղաքականությունների մշակման, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների հայտնաբերման ու արձագանքման, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի վրա։ Առաքելությունը պետք է նաև գնահատի՝ ինչ է անհրաժեշտ Հայաստանում անվտանգության ոլորտում կարողությունները զարգացնելու համար, որպեսզի երկիրն առավել արդյունավետ բացահայտի ու արձագանքի հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանությունների և ստանդարտների համաձայն։
Մինչ այդ՝ առաքելության կարիքը հիմնավորող փաստաթղթում ԵՄ արտաքին գործերի նախարարությունը փաստել էր, որ առաջիկա հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, դրանց հաջորդող ՏԻՄ ընտրությունները, ինչպես նաև հավանական սահմանադրական հանրաքվեն, կարևորագույն քննություն են լինելու ոչ միայն ներքին կայունության ու տարածաշրջանային խաղաղության համար։





