ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օտարերկրյա ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելուց հետո «հեշտ չի լինելու»։ Նա հավելել է, որ Չինաստանը, չնայած դրան, շատ ավելի լուրջ է տուժել։
«Չինաստանը շատ ավելի ուժեղ հարված ստացավ, քան ԱՄՆ-ն: Նրանք և շատ այլ երկրներ մեզ հետ անտանելի վատ էին վերաբերվում: Մենք հիմար և անօգնական «հարվածի օբյեկտ» էինք: Մենք վերադարձնում ենք աշխատատեղերն ու բիզնեսները: Արդեն ավելի քան 5 տրլն դոլարի ներդրումներ, որոնք արագ աճում են: Սա տնտեսական հեղափոխություն է, և մենք կհաղթենք: Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական կլինի», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:
ԱՄՆ նախագահը 185 երկրների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու որոշումը «տնտեսական հեղափոխություն» է որակել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն ստացել է ավելի քան 5 տրիլիոն դոլարի ներդրում։
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհի գրեթե բոլոր երկրների ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին՝ 10%-ից մինչև 50%: Որոշ պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, արդեն հայտարարել են պատասխան միջոցների մասին։ Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։
Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։
ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը: