Search
Close this search box.

Դեռևս որոշված չէ, թե որ հատվածն է հաջորդ փուլում սահմանազատվելու. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկ ստորագրված փաստաթղթի բովանդակությունը, ըստ էության, արդեն 2024 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարությամբ բացահայտվել է. այնտեղ ասվել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսվելու է որպես սահմանազատման բազային սկզբունք, և աշխատանքային մանրամասներ են ձևակերպվելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը հաստատելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը։

«Ըստ էության, առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը հարաբերություններում իրավական բազա են ստեղծում՝ իհարկե առանձին վերցված սահմանազատման գործընթացում, բայց, կարծում եմ, այդ առումով իրադրությունը դժվար է գերագնահատել։ Փաստաթուղթը նաև վավերացման գործընթաց է անցնելու, և այս նպատակով առաջիկայում նաև Սահմանադրական դատարան է ուղարկվելու։ Հետագայում նաև Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելուց հետո ԱԺ-ում տեղի կունենան քննարկումներ»,- հավելել է նա։

Փաշինյանի դիտարկմամբ՝ եթե խոսք է գնում «խաղաղության օրակարգի» մասին, նման փաստաթղթերի պարագայում չպետք է հարց դրվի՝ դրա ստորագրմամբ Ադրբեջա՞նը հաղթեց, Հայաստանը՝ պարտվեց, թե՞ հակառակը։

«Խաղաղության օրակարգի իրական իրացումը նշանակում է, որ մենք դուրս ենք գալիս հաղթելու-պարտվելու ռեժիմից ու գալիս ենք համաձայնության ռեժիմի։ Այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, համաձայնության արդյունք է, ինչը շատ լավ է։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման բազա դարձնելը նշանակում է, որ Հայաստանը և Արբեջանը, ըստ էության, Խորհրդային միության սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա իրադրության էական, դրական փոփոխություն է»,- նշել է Փաշինյանը։

Թե որ հատվածներում կշարունակվեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Փաշինյանը չի հստակեցրել՝ հայտնելով, որ այդ հարցը դեռևս որոշված չէ։