Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 18-ի իր նիստում, դատավոր Արթուր Ոսկանյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Տիրան Խաչատրյանի կալանքը փոխարինվեց 10 մլն դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ Դատարանի որոշմամբ Խաչատրյանն անհապաղ ազատ արձակվեց գրավը վճարելու պայմանով։
Պաշտպանական կողմը խափանման միջոցի փոփոխման միջնորդության հետ դատարանին ներկայացրեց Տիրան Խաչատրյանի ստացած պատվոգրերի և հուշամեդալների մի մասը։ Միջնորդության մեջ նշված էր նաև, որ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող Տիրան Խաչատրյանն իր խնամքի տակ ունի վատառողջ, հաշմանդամության կարգ ունեցող կին։
Պաշտպանը նաև նշեց, որ Տիրան Խաչատրյանին կալանավորելուց հետո ընդամենը 4 առերեսում է եղել, որից հետո գործն ուղարկվել է դատարան, մինչդեռ դատարանի որոշման հիմքերում նշվում էր նաև, թե ակտիվ քննչական գործողություններ են տեղի ունենում, և այս փուլում հնարավոր է՝ Տիրան Խաչատրյանը վկաների կամ գործի այլ մասնակիցների վրա ազդեցություն ունենա։
Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջում էր երկարաձգել կալանքի ժամկետը, իսկ պաշտպաններն առաջարկում էին ընտրել խափանման այլ միջոց, օրինակ 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Տ. Խաչատրյանին։
Նշենք՝ ըստ մեղադրական եզրակացության, Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանց ոչ պատշաճ կատարումը հանգեցրել է ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանության ձախողմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն՝ է խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, խափանվել է ԶՀԽ-ին առաջադրված մարտական առաջադրանքի կատարումը, տապալվել է ՀՀ ԶՈՒ բանակային բնագծի՝ ԶՀԽ-ին վստահված հատվածի պաշտպանությունը։