Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկարաձգել է իր այցը Շիդո ցիկլոնից տուժած Մայոտ կղզում՝ հակառակ կղզու բնակիչների սառը ընդունելությանը, հայտնում է AFP-ն։
Մայոտ այցելելու համար Մակրոնը բաց էր թողել հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովը:
«Ես որոշեցի գիշերել այստեղ, քանի որ զգում էի, որ նույն օրը հեռանալը կարող է տպավորություն ստեղծել, որ մենք «գալիս ենք, տեսնում ու հեռանում»: Դա հարգանքի նշան է»,- հինգշաբթի երեկոյան լրագրողներին ասել է Մակրոնը։
Մայոտի մայրաքաղաքում շրջելիս նախագահը բախվեց տեղի բնակիչների զայրույթին ու հուսահատությանը, ովքեր նրա հրաժարականն էին պահանջում: «Ցիկլոնն է մեղավոր, ոչ թե ես»,- արդարացավ նախագահը։
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Մայոտում Շիդո ցիկլոնի զոհերի թիվը հասել է 31-ի, տուժել է մոտ 1,4 հազար մարդ։ Նախագահ Մակրոնը դեկտեմբերի 23-ը համազգային սգո օր է հայտարարել։