ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կորցնել MAGA (Make America Great Again, «Ամերիկան նորից մեծ դարձնենք») շարժման որոշ կողմնակիցների աջակցությունը, եթե հրաման տա հարվածել Իրանին, հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Անդրեաս Կլութը։
Նրա խոսքով՝ Թրամփը կկորցնի իրեն խաղաղարար համարողների աջակցությունը, քանի որ քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ երկիրը չի ներքաշի «հավերժ պատերազմների եւ ռեժիմի փոփոխության ձախողված գործողությունների» մեջ, ինչպես տեղի ունեցան Աֆղանստանում, Իրաքում եւ Լիբիայում։
Թրամփի որոշ կողմնակիցներ արդեն իսկ արտահայտվել են Թել Ավիվի եւ Թեհրանի միջեւ հակամարտությանը Վաշինգտոնի միջամտության դեմ, այդ թվում՝ լրագրող Թաքեր Կառլսոնը, բլոգեր Չառլի Քըրքը եւ Թրամփի նախկին գլխավոր քաղաքական ստրատեգ Սթիվ Բենոնը։