Բալասանյանի որդու նկատմամբ 80 մլն դրամ գրավի դիմաց նորից տնային կալանք կկիրառվի. ԶԼՄ

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի որդու նկատմամբ 80 միլիոն դրամ գրավի դիմաց նորից տնային կալանք կկիրառվի։ Տեղեկությունը հայտնում է Aravot.am-ը։
«Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը, որը դեկտեմբերի 11-ին 2 ամսով երկարացրել էր նրա կալանքի ժամկետը, երեկ փոխել է նրա խափանման միջոցը՝ 80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ նորից տնային կալանքի ենթարկելով»,– ասված է հաղորդագրությունում։
Խաչատուր Բալասանյանը, որն անցնում է «Սև Բերդ» ամրոցի` պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով, ի սկզբանե 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքի էր ենթարկվել, սակայն անցած տարվա նոյեմբերի 15-ին դատարանն անսպասելիորեն փոխել էր նրա խափանման միջոցը՝ պատիժը կրելու համար ուղարկելով «Արմավիր» ՔԿՀ։
Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 11-ին «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ մեկնելիս։