Search
Close this search box.

ԱԺ աշխատակազմը «վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու» հիմնավորմամբ Վահե Մակարյանին զրկել է ԱԺ հավատարմագրումից

MediaHub.am. Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ գրանցվեց իմ և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կարճ ժամանակով փակել էին իմ մուտքը խորհրդարան, բայց հետո իր մամուլի խոսնակն ասաց, թե իբր տեխնիկական խնդիր է եղել՝ շուտով կկարգավորվի, և նորից ես կմտնեմ ներս։ Այդպես էլ եղավ՝ մի քանի րոպե անց իմ մուտքի արգելքը հանվեց և ես մտա խորհրդարան՝ իմ աշխատանքը կատարելու։

Այսօր տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը իբրև թե ինչ-որ կարգեր խախտելու և իրենց ձևակերպմամբ՝ «վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու» հիմնավորմամբ ինձ զրկել է ԱԺ հավատարմագրումից։ Այդ մասին ծանուցում էին ուղարկել իմ լրատվամիջոցի՝ MediaHub-ի խմբագրակազմին։ Ծանուցման մեջ, բնականաբար, միջադեպը ներկայացված էր խիստ միակողմանի և չկար որևէ հոդաբաշխ հիմնավորում, թե ինչու է ԱԺ աշխատակազմը զրկում լրագրողին, այս դեպքում՝ ինձ, ԱԺ-ում հավատարմագրումից։ Այդ հիմքերը մենք դեռ կվիճարկենք դատարանում։

Դրանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն է անդրադառնում այս միջադեպին ու դարձյալ ներկայացնում եղելությունը միակողմանի՝ միայն իրեն ցանկալի լույսի ներքո, որտեղ, բնականաբար, չի հիշատակում, թե ինչպիսի խուլիգանական ու փողոցային, ԱԺ նախագահի դիրքին ու կարգավիճակին ոչ հարիր պահվածք է ցուցաբերել նա ինձ հետ զրույցում և ինչպես է փողոցային բառապաշարով վիրավորական արտահայտություններ հնչեցրել իմ և իմ լրատվամիջոցի հասցեին։ Միայն նշել է, թե ես իբրև վիրավորել եմ իրենց վարչապետին։