«Ազգային անվտանգության հարցերում մենք չենք կարող վստահել Նիկոլ Փաշինյանին․ պետք է միջազգային գագաթնաժողով պահանջել»․ Մուրադ Փափազյանը՝ ԱՄՆ-ի առաջարկի մասին

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ -Պարո′ն Փափազյան, ԱՄՆ-ն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը։ Այս հնարավոր գործարքում վտանգներ տեսնո՞ւմ եք։ Դրա իրականացումը չի՞ նշանակի նաև ՀՀ-ի տարածքով Թուրքիայի կապը Կենտրոնական Ասիայի հետ։

-Ձեր բարձրացրած հարցն առնչվում է Հայաստանի անվտանգությանը։ Թշնամական աշխարհաքաղաքական միջավայրում ցամաքային հաղորդակցության հարցերը կենսական նշանակություն ունեն։ Հայաստանը պետք է վերահսկի իր սահմանները։ Հարևանների հետ հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանի բոլոր դերակատարները չեն հասկանա, որ տևական խաղաղությունը պետք է հիմնված լինի արդար խաղաղության վրա։ Խաղաղության հարցը առաջնային է։ Այո՛, մենք պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի խաղաղությունը լինի տևական։ Իսկ որպեսզի լինի տևական, այն պետք է լինի արդար։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել սա, քանի որ այստեղ չէ, որ մի կողմում նրանք են, որոնք ուզում են խաղաղություն, իսկ մյուս կողմում՝ նրանք, որոնք ուզում են պատերազմ։ Կան կողմեր, որոնք շտապում են խաղաղության գործընթացում ունենալու արագ, բայց խոցելի խաղաղություն։ Եվ կան նրանք, որոնք ուզում են արդար և հետևաբար տևական խաղաղություն։ Պանթյուրքիզմի ճանապարհը չի նպաստի խաղաղությանը։ Այն ավելի է թուլացնելու Հայաստանը։ Քանի դեռ այս հարցը չի դարձել համապարփակ խաղաղության համաձայնագրի մաս, որը հաշվի է առնում նաև Հայաստանի շահերը, այն չի կարող համընդհանուր համաձայնության առարկա դառնալ։ Բայց, ցավոք սրտի, ներկայիս կառավարությունը մտադիր չէ պաշտպանել Հայաստանի շահերը։ –ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ ճանապարհի վարձակալության տարբերակ հնարավոր չէ․ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը։ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում»։ Այս վստահեցումները համոզի՞չ են՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ պատրաստ է Ադրբեջանին տրամադրել Իրանի ձևով անցում, սակայն հիմա խոսվում է երրորդ կողմի արտապատվիրակման մասին, ինչը չկա Իրանի տարբերակում։

-Ազգային անվտանգության հարցերում մենք չենք կարող վստահել Նիկոլ Փաշինյանին։ Ցավով եմ դա ասում, սակայն նա իր իշխանության գալուց ի վեր ցույց է տվել իր անկարողությունը՝ ապահովելու Հայաստանի սահմանների ամբողջականությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը։ Վերջին յոթ տարիների ընթացքում նա արել է իր ասածների հակառակը։ Երկրի անվտանգությունը և պետականության ամրապնդումը նրա առաջնահերթություններից չեն։ Սա ասում եմ մեծ դառնությամբ, բայց անկեղծորեն կարծում եմ, որ 2018-ից հետո Հայաստանն ավելի թույլ և ավելի խոցելի է, քան 2018-ից առաջվա Հայաստանը։ -Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ի առաջարկած տարբերակը համընկնում է նաև Թուրքիայի՞ հետ։ Վարչապետի խոսնակի մակարդակով այն մերժվել է, հետևաբար ի՞նչ զարգացում եք հետագայում տեսնում։ -Այս հարցը հիմնարար է, այն առնչվում է երկրի անվտանգությանը, բայց պետք է լուծվի ավելի համընդհանուր շրջանակում։ Հայաստանը պետք է դիմի միջազգային հանրությանը՝ արդար և տևական խաղաղության ծրագիր իրականացնելու համար։ Կրկնում եմ՝ արդար և տևական խաղաղության ծրագիր։ Հայաստանը ունի պաշտպանելու շահեր, և նա պետք է դրանք պաշտպանի։ Հայաստանի կառավարությունը պետք է պահանջի կազմակերպել միջազգային գագաթնաժողով՝ արդար խաղաղության համար Հարավային Կովկասում։ Այդ գագաթնաժողովի օրակարգում պետք է դրվեն հայերի անվտանգ վերադարձի իրավունքի հարցը Արցախ, Բաքվում պահվող պատանդների ազատ արձակումը, Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունը և բնակչության անվտանգությունը։ Իրական խնդիրն այն է, որ այս կառավարությունը չի պաշտպանում Հայաստանի շահերը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։