Search
Close this search box.

Այսինքն՝ Ավինյանն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով. Լևոն Բարսեղյան

Քննադատությունն ազդեց, փաստորեն. ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ ԱՄՆ իր թռիչքի տոմսի գնի ծախսն ամբողջապես որոշել է փոխհատուցել ինքնուրույն։

«Ավինյանը հայտարարել է, թե Երեւան-Լոս-Երեւան իր տոմսի գինը փոխհատուցելու է համայնքային բյուջեին: Էական չէ, թե ինքնուրույն է հանգել այդ որոշմանը, թե կուսակցությունը կամ Փաշինյանն է հուշել:

Հաստատվեց, որ գնված 9 տոմսերից այդ մեկը, որ 10 անգամ թանկ էր մնացած տոմսերից, գնվել է հենց իր համար: Այսինքն՝ ինքն անակնկալի չէր եկել, որ ինքը թռնում է բիզնես դասի 20.000 դոլարանոց տոմսով, իսկ մյուսները՝ սովորական տոմսերով: Եթե զարմացած լիներ, դեռ մինչեւ թռիչքը կզարմանար, կքննարկեր գնում իրականացրած մասնագետի հետ, բացատրություն կստանար, փոխել կտար տոմսը, կասեր՝ էդ ու՞մ փողերով եք որոշել ինձ լավություն անել: Չէ, մարդը շատ լավ իմացել է, որ դա իր համար է, գնացել եւ նստել է օդանավում իր թանկանոց տեղում:

Ասում է, թե դա նոր տարվա վատ նվեր է իրեն, անձնական բյուջեից՝ մինուս 20.000 դոլար հօգուտ համայնքի: Սխալները պետք է գին ունենան: Եթե հավատանք իրեն, թե ինքը տեղյակ չի եղել, որ աշխատողներն են որոշել իրեն՝ հատուկ իր համար թանկանոց տոմս գնել, ինքը հիմա հատուցում է գնումների մեխանիզմի խայտառակ վիճակի եւ իր վատ վերահսկողության համար: Տեղն է եւ արժանի է:

Բայց մի նրբություն կա, կուզեի հուշել, որ կարիք չկա 20.000 դոլարը վերադարձնել համայնքային բյուջե, բավական է վերադարձնել այնքան, որ իր ուղեւորության օդանավի տոմսը Լոս-Անջելես արժեցած լինի այնքան, որքան մյուս 8 տոմսերի միջին գինը, այսինքն՝ հարկավոր է վերադարձնել մոտավորապես 18.500 դոլար: Շնորհակալություն պետք չէ:

Բայց, իհարկե, մնում է անպատկերացնելի բան, թե ինչպես են կարողացել առանց աչք թարթելու հարկատուների փողերի հաշվին սեփական «ես» կշտացնել: Ու սա մի փոքրիկ օրինակ է անարդյունավետ ծախսերի, որ արվում են մեր հաշվին եւ բացահայտվել է»,-գրել է նա: