Aravot.am -ը գրում է․ Գյումրիում ընտրական իրավիճակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը նույնացնում է 2021 թվականին Հայաստանում եղած իրավիճակի հետ ու հավելում․ «Եթե մենք հասանք 2026 թվականի ընտրություններին, այդժամ բոլորովին այլ իրավիճակ է լինելու»։ Aravot.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ գործոններ են, որ նպաստելու են Հայաստանում այլ քաղաքական իրավիճակների գեներացմանը եւ հիմնական գործընթացները մինչեւ 2026-ի ընտրություններ տեղափոխելը, Արշակ Կարապետյանը պատասխանեց․ «Իմ կարծիքով՝ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը չի լինելու։ Ինքը չի կարող մնալ։ Ինքը չի մնալու»։ Այլ մանրամասների, մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ․ «Մենք պայմանավորվեցինք, որ ես ամեն ինչ չեմ ասելու․․․ ես կարծիք եմ ասել։ Եկեք չհիմնավորեմ իմ կարծիքը։ Ես հիմա ոնց էլ հիմնավորեմ՝ դա խոսքեր են լինելու։ Եկեք սպասենք»։
«Ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվել երբեք»,- հայտարարում է մեր զրուցակիցը։ Դիտարկմանը՝ որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հնարավոր է, պատասխանում․ «Ես չեմ ուզում իրենց խոսքը հաստատել կամ չհաստատել, ես իրենց հետ գործ չունեմ։ Չնայած նոր դուք ասում էիք՝ Սերժ Սարգսյանի հետ աշխատել եք, Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատել եք․․․ ես չեմ աշխատել, ես ծառայել եմ․ եղել եմ զինվորական։ Ես չէի կարող չծառայել, ես ծառայում էի իմ հայրենիքին։ Ես չէի ընտրում նախագահ, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան․․․հա, քաղաքացիական պարտքս կատարել եմ․․․
Բայց ՀՀ-ում երբեք իշխանությունը չի փոխվել ընտրություններով՝ 1994 թվականից սկսած ու չի փոխվելու 2026 թվականին՝ ընտրություններով։ Օրինակ, մենք չենք սպասում այդ ընտրություններին։ Ժամկետների մասին ավել բան չասեմ։ Չի փոխվելու ոչ մի բան ու Գյումրին՝ ցույց տվեց։ Ցույց տվեց, որ անձերի են ընտրել մարդիկ, չեն ընտրել կուսակցություններին, գաղափարները։ Ու ազգային անվտանգության տեսանկյունից ամենավտանգավորն էր, որ ընտրել են անձանց։ ՔՊ-ն տարբերվում էր միայն նրանով, որ ադմինիստրատիվ ռեսուրս էր մտցրել եւ մարդկանց վախեցնում էր։ Գյումրիի ընտրությունները խայտառակ ընտրություններ էին։ Այդ մի բանն էր, որ Նիկոլ Փաշինյանը միշտ ասում էր, որ մենք անում ենք իդեալական։ Կներեք, դրա հերն էլ անիծեց, խայտառակ ընտրություններ են եղել»։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով 2026-ի ընտրություններին ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը մասնակցեն, ապա, Արշակ Կարապետյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում փոխելու է ՔՊ-ական իր շրջապատը, քանի որ այնտեղ չկա մեկը, որը «կկարողանա իրեն ձայն բերել»։ Մեր զրուցակցի վերլուծությամբ, ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին ՔՊ-ն լավագույն դեպքում փոքր խորհրդարանական խմբակցություն է ունենալու, նախկին նախագահների հետ ասոցացվող քաղաքական միավորները նույնպես չեն լինելու հաջորդ պառլամենտում։ Բայց որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցներ շատ հարցերի պատասխաններ պետք է տան՝ անվիճելի է համարում։ Իր ղեկավարած ուժն էլ, ըստ Արշակ Կարապետյանի, չի գնալու ստանդարտ ճանապարհով․
«Մեր գործողությունները մի քիչ տարբերվելու են այն գործողություններից, որոնք մենք սովոր ենք տեսնել։ Մենք չենք պլանավորում 500 հազար մարդ հավաքել, չենք ընկնում մարդաքանակի հետեւից։ Երբեք քանակով մենք հարց չենք լուծել»։
Մանրամասը՝ տեսանյութում