Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա, եթե ոչ երկկողմ օրակարգի, ապա խոսակցության, շփումների մաս է: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է ՍիվիլՆեթին տված հարցազրույցում:
Այս համաժողովի շրջանակում Դուք հանդիպեցիք նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին: Պե՞տք է ակնկալել արդյոք տեղաշարժ հայ-թուրքական գործընթացում` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման առումով նաև:
– Կարող եմ ասել, որ իրականում այստեղ ավելի լայն ըմբռնում կա: Ես ներկայացնեմ իրականությունը, դատողություն ինքներդ արեք` առաջընթաց կա, թե չկա: Մենք ունենք որոշ համաձայնություններ, որոնք արդեն իսկ իրականացվել են: Կան համաձայնություններ, որ դեռ չեն իրականացվել: Օրինակ` մենք օդային տարածքի օգտագործման հարցը, գոնե այս պահին, ըստ էության, համարել ենք լուծված: Մենք համատեղ դիտարկել ենք Մարգարա-Ալիջան սահմանային ենթակառուցվածքների վիճակը: Հայկական կողմը նաև աշխատանքներ է իրականացրել այնտեղ ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ: Մենք համատեղ աշխատանքներ ենք տարել, ուսումնասիրություններ ենք իրականացրել Գյումրի-Կարս երկաթուղային անցման, այլ ենթակառուցվածքների վիճակի և գնահատման առումով: Մենք որոշում ունենք, և ընդամենը օրեր առաջ տարբեր գերատեսչություններից մասնագետներ են հանդիպել Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների շրջանակում և այլն: Այսինքն` մենք կարող ենք ասել, որ որոշակի բաներ տեղի են ունենում: Միևնույն ժամանակ, գիտեք, որ մենք ունենք պայմանավորվածություն բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն: Սա իրականացված չէ: Բայց սա գործընթաց է, որոշակի բաներ արագ են առաջ գնում, որոշակի բաներ՝ դանդաղ: Բայց կարող եմ ասել` կա ընդհանուր պատկերացում, որ երկխոսությունը հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական կապերի հաստատման և սահմանի բացման մասին է:
Ավելին, երկուստեք տեսնում ենք հնարավորություն ոչ միայն մինիմալ հարաբերությունների հաստատման, այլև շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման առումով: Նաև նշեմ, որ միջազգային քաղաքականության որոշ հարցերում մեր դիրքորոշումներն ամենևին այդքան հեռու չեն իրարից, քան կարող է թվալ: Ընդհակառակը, երբեմն բավական մոտ են: Այնպես որ, համագործակցության հնարավորություններ կան: Նորից նշեմ, որ մենք չենք խոսում մինիմալ հարաբերությունների հաստատման և փոխհանդուրժողականության մասին: Կա ըմբռնում, որ կան շատ ավելի մեծ համագործակցության հեռանկարներ:
– Նշեցիք, միջազգային որոշ հարցերի շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումներն այդքան էլ հեռու չեն միմյանցից: Դրանք հատկապես ո՞ր հարցերն են:
– Առանձին հարցերի դեպքում այդպես է: Օրինակ`մերձավորարևելյան քաղաքականության օրակարգի որոշ հարցերի շուրջ:
– Թուրքիայի հետ բանակցություններում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման արծարծվո՞ւմ է: Անկարան ինչպե՞ս է վերաբերում այդ հարցի լուծմանը, թե՞ Թուրքիայի հետ քննարկումներում այդ թեման բացակայում է:
– Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա, եթե ոչ երկկողմ օրակարգի, ապա խոսակցության, շփումների մաս է: Կարող եմ ասել, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության համատեքստում պայամանավորվածությունների կատարման տեմպի առումով թուրքական կողմը որոշակի սահմանափակումներ է ենթադրում` պայմանավորված Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով: Մեր մոտեցումն իրականում այլ է: Կարծում ենք, որ առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա: Ինչևէ, խնդիրը կա, ընկալումների որոշակի տարբերություն կա, բայց տեսնում ենք պատրաստակամություն օգտակար, բարենպաստ ազդեցություն ունենալու: