Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով նախատեսված աջակցության չափերը կվերանայվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ընդլայնել են 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք 611–ն են, և այդ ցանկը ավելացրել են 150 բնակավայրով։
«Խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին, նախկինում այս համայնքներում շահառուները կարող էին ստանալ միայն 3 մլն դրամի փոխհատուցում։ Արդյունքում Երևանը կմնա 3 մլն դրամի աջակցության սահմանում, մերձակա համայնքները` 4 մլն դրամի։ Այդ համայնքներն են` Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Փարաքար, Աբովյան, Նայիրի, Նոր Հաճն, Գառնի, Ջրվեժ։ Որոշ սահմանամերձ համայնքներ կշարունակեն մնալ 5 մլն դրամի աջակցության սահմաններում»,– նշեց նախարարը։
Թորոսյանի տվյալներով` 150 բնակավայր ունեցող երևանամերձ այս համայնքներում ապրում է ԼՂ–ից բռնի տեղահանված մոտ 25 հազար մարդ։
Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան
Բացի այդ, նոր ծրագրի նոր փոփոխություններով առաջարկվում է ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31–ը ներառյալ ծնված երեխաներին` անկախ նրանից, թե ընտանիքի անդամները երբ են ներկայացրել առցանց դիմում–հայտարարություն և ստացել հավաստագիր։
Փոփոխվել է նաև հիփոթեքային վարկի մարման աջակցությունը։ Այժմ, ըստ նախարարի, այս աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական տան կառուցման համար 2025 թ. հուլիսի 1–ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ այդ վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։
Թորոսյանը նաև ներկայացրեց վիճակագրական վերջին տվյալները, ըստ որի` երեկվա դրությամբ տրվել է 5 232 սերտիֆիկատ, որից իրացվել է 2 336–ը (կա՛մ ձեռք են բերել տուն, կա՛մ կառուցում են)։
Այս համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ խաղաղության, արցախցիների վերադարձի և տարածաշրջանային սպառնալիքների թեմաներին։
«Երբ տարիներ առաջ ասում էինք, որ մեր նավը պետք է հասնի խաղաղ նավահանգստի, մենք հիմա այն հասցրել ենք նավահանգստի, ուղղակի մեզ` այդ նավի ուղևորներիս, պետք է խաղաղվել։ Իսկ դա նշանակում է տնավորվել, բոխչաները քանդել և դասավորել պահարաններում, այսինքն` անցնել մշտական բնակության ռեժիմի։ Հակառակ դեպքում` եթե մեր տարածաշրջանում վերադարձի այդ օրակարգի թափանիվը պտտեցինք, տարածաշրջանից մեծ կտոր ականջն է մնալու»,– հայտարարեց նա։





