Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Ազատումը, հավանաբար, կապված է Արարատի մարզի Վեդի քաղաքում 2 անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։
Մայիսի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ պաշտոններից ազատվել են Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բոլոր այս պաշտոնանկությունները կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեղադրանքներ են առաջադրվել 2 անձի, նրանք ձերբակալվել են։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։





