Ամենալուրջ խոչընդոտն է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով երկրի խորհրդարանի կայքում հոդված է հեղինակել, որտեղ հերթական անգամ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ըստ նրա՝ Հայաստանում ռևանշիստական միտումները ամենալուրջ խոչընդոտն են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։

«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունների շրջանակներում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում շարունակվող ռևանշիզմի միտումը, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող Սահմանադրության և այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթների փոփոխության ուղղությամբ քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաև արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ Հայաստանի սրընթաց սպառազինումը շարունակում են ամենալուրջ խոչընդոտները մնալ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջնականացման համար»,-ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ այս հարցերը շարունակում են մնալ Ադրբեջանի դիվանագիտության ուշադրության կենտրոնում, ինչպես նաև Հայաստանի շուրջ 30 տարվա ագրեսիայի հետևանքով անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ միջազգային ջանքերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանից վտարված շուրջ 300 հազար ադրբեջանցիների իրավունքների վերականգնման հարցը: