Համաձայն վերջերս` 2025 թվականի փետրվարին, համացանցում տեղադրված տեսանյութերի, ադրբեջանական կողմն էական վնասներ է հասցրել Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող մի շարք շիրմաքարերի:
Համաձայն MONUMENT WATCH-ի, մասնավորապես ջարդել են շիրմաքարերի մոտ տեղադրված քարե ծաղկամանները, պոկել սալահատակի քարերը: Դատելով տեսանյութից՝ վնասվել են նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակիցների որոշ շիրմաքարեր։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ տապանաքարերը, դրանց վրա առկա գրությունները, զինվորների պատկերներն անվնաս են:
Թեեւ Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն դիպչում հուշահամալիրին, սակայն ակնհայտ է, որ այն պարբերաբար դառնում է վանդալիզմի թիրախ եւ գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ:
Հայկական հուշարձանների, այդ թվում` գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցեւ չսահմանափակվելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով եւ արտեֆակտներով։
Բացի այդ, Եվրոպական խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ կապերի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձեւը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի եւ պղծման դեպքերը։
Գերեզմանոցների պղծումը նաեւ պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ»՝ նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների եւ այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն (8-րդ հոդվածի 2-րդ կետի բ) մասի ix դրույթ):
Գերեզմանոցների պղծման գործողություններով Ադրբեջանը խախտում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասվելուն, ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական ցանկացած գործողությունից։