Search
Close this search box.

«Ադրբեջանը իրավական և բարոյական որևէ իրավունք չունի պահանջելու, որ մենք սպառազինություն ձեռք չբերենք»․ Արմեն Խաչատրյան

«Կարծում եմ, որ Ադրբեջանը որևէ իրավական և նույնիսկ բարոյական իրավունք չունի պահանջելու, որ մենք սպառազինություններ ձեռք չբերենք, որովհետև բոլորին հայտնի է, որ ՀՀ զինված ուժերը 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ կորուստներ են ունեցել և զինված ուժերի առաջ դրված սահմանադրական խնդիր է՝ ապահովել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ՀՀ անվտանգությունը»։ Այսպիսի տեսակետ է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ «24 նյուզ»-ի հետ զրույցում։
Նրա բնորոշմամբ, զինված ուժերը չեն կարող իրականացնել նշված խնդիրները, եթե բանակում չիրականացվեն ռեֆորմներ, իսկ այդ ռեֆորմներն իրենց մեջ ընդգրկում են նաև նյութատեխնիկական և ռազմատեխնիկական նոր միջոցների ձեռքբերումներ։ «Որևէ երկիր չի կարող ասել՝ ինչո՞ւ է Հայաստանը զինվում կամ չի զինվում»,- ասել է պատգամավորը։
«Զինված ուժերը խաղաղությանը միտված ուժեր են, խաղաղություն են ապահովում ՀՀ ցանկացած քաղաքացու և բնակչի համար, որևէ երկրի դեմ ուղղված չեն»,- նշել է Խաչատրյանը: