Անընդունելի է քաղաքացիական կյանքում տեղի ունեցած դեպքերը համեմատել բանակում տեղի ունեցածի հետ, որովհետեւ պետության հովանու ներքո գործող կառույցի ներսում կատարվող ցանկացած հանցագործություն, ցանկացած իրավունքի խախտում բոլորովին համեմատելի չէ քաղաքացիական կյանքում տեղի ունեցող հարաբերությունների հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Մեդիակենտրոն»-ի մամուլի սրահում անցկացված «Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճ․ ո՞վ է պատասխանատու» խորագրով քննարկմանը հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Պետության անմիջական հովանու ներքո գործող կառույցներից են բանակը, քրեակատարողական համակարգը, փակ եւ կիսափակ հաստատությունները, հատուկ խնամքի հաստատությունները: Այդտեղ պետությունը 24 ժամ հսկում է մարդուն, ինչպիսի հարաբերությունների մեջ են իրար միջեւ, ինչպիսի հիերարխիկ կառուցվածքում են գործում, ինչպես պետք է պաշտպանվեն իրենց իրավունքները: Քաղաքացիական կյանքում երբ մարդն ունի առողջական խնդիր, նա կարող է ցանկացած պահի դիմել բուժհաստատություն, իսկ բանակում արդյոք անձը կարող է ցանկացած պահի դուրս գալ զորամասից, ասել՝ վատ եմ զգում եւ դիմել քաղաքացիական հիվանդանոց: Պետության խնդիրն է արագ արձագանքելն եւ լուծել այդ անձի առողջության խնդիրը:
Եթե կատարվում է ինչ-որ բան, որ մարդու կյանքին կարող է վտանգ սպառնալ, այդ թվում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով… վերջին 15 օրում մենք ունենք երեք մահ, որոնցից մեկն առնվազն որակվել է որպես սպանություն, երկուսը որակվում են դեռեւս որպես ինքնասպանություն:
Այդ ինքնասպանության դեպքերի հետ կապված մենք նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ մահացածը բազմաթիվ հրազենային վնասվածքներ է ստացել, այդ թվում կրծքավանդային, գլխին եւ այլն: Թե ինչպես մարդը սկզբում կրակել իր գլխին, հետո կրծքավանդակին անհասկանալի է»,-ասաց իրավապաշտպանը:
Նա նկատեց, որ եւ սպանությունները, եւ ինքնասպանությունները ունեն պատճառներ, որոնք չեն վերլուծվում եւ չեն ներկայացնում հանրությանը:
Զարուհի Հովհաննիսյանը մտահոգիչ համարեց, որ վարչապետը կառավարության նիստում մարդկանց էր մեղադրում, որ իրենց երեխաներին փորձում են բանակից ազատել. «Բայց առաջին հերթին պետք է դիտարկել, թե այդ ի՞նչ կառույց է, որ որից փորձում են երեխաների կյանքի եւ առողջության իրավունքը պաշտպանել»: