ԶՊՄԿ–ի աշխատակիցների ծեծկռտուքից հետո 3 անձ է ձերբակալվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 3 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Երեկ տեղեկացրել էինք, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել գործադուլ հայտարարած և գործադուլին դեմ արտահայտվող աշխատակիցների միջև, բողոքի ակցիա անողները զենքով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ–ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին։
«3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին»,– ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` հունվարի 31–ի առավոտից ԶՊՄԿ-ի ավելի քան 200 աշխատակիցներ գործադուլ էին անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե նրանք չդադարեցնեն գործադուլը։ Փետրվարի 4–ին կոմբինատի ղեկավարության և գործադուլ հայտարարած աշխատակիցների միջև կայացած հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։