Զովունիի «Զովեր» թաղամասի բնակիչները փաստացի զրկված են ինտերնետ օպերատորի ընտրության իրավունքից

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղի «Զովեր» թաղամասի բնակիչները բախվել են կապի և ինտերնետ ծառայությունների շուկայում մտահոգիչ իրավիճակի։ Տվյալ թաղամասում տարիներ շարունակ ինտերնետ և հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում փաստացի միայն մեկ ընկերություն՝ «ԷՖ ՆԵԹ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸ-ն, ինչի արդյունքում բնակիչները զրկված են այլընտրանքային օպերատոր ընտրելու հնարավորությունից։

Բնակիչների փոխանցմամբ՝ միակ գործող օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների որակը և սակագները չեն համապատասխանում շուկայական մրցակցային պայմաններին, սակայն այլ օպերատորների մուտքը թաղամաս փաստացի անհնար է դարձել։

Այլ օպերատորներ՝ գրավոր մերժումներ կամ լռություն

Թաղամասի բնակիչներից մեկը՝ Արամ Հարությունյանը, պաշտոնապես դիմել է մի շարք խոշոր և տեղական ինտերնետ օպերատորների՝ խնդրելով ուսումնասիրել Զովունիի «Զովեր» թաղամասում ինտերնետ ծառայություն տրամադրելու հնարավորությունը։ Դիմումների շրջանակում պահանջվել է նաև գրավոր պատասխան՝ միացման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ։

Ըստ նրա՝ որոշ օպերատորներ հայտնել են, որ տարածքում տեխնիկական կամ իրավական խոչընդոտներ կան, իսկ մի մասը ընդհանրապես չի արձագանքել դիմումներին։ Այս հանգամանքները, ըստ դիմումատուի, վկայում են այն մասին, որ շուկան փաստացի փակ է այլ տնտեսավարողների համար։

Սահմանադրական և օրենսդրական խնդիր

Ստեղծված իրավիճակը, իրավաբանների կարծիքով, կարող է հակասել ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների, մասնավորապես՝ տնտեսական գործունեության ազատության, մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների մասով։ ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածը արգելում է շուկայում մենաշնորհը և գերիշխող դիրքի չարաշահումը, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը սահմանում է, որ հակամրցակցային գործողությունները ենթակա են իրավական գնահատականի։

Բացի այդ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով քաղաքացիներին երաշխավորվում է ծառայությունների ազատ ընտրության և պատշաճ որակի իրավունք։

Դիմումներ պետական մարմիններին

Արամ Հարությունյանը արդեն դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, պարզել հնարավոր հակամրցակցային համաձայնությունների առկայությունը և ապահովել կապի շուկայի բաց հասանելիություն տվյալ թաղամասում։

Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն մեկ հասցեի կամ մեկ անձի, այլ ամբողջ թաղամասի բնակիչների իրավունքներին․ «21-րդ դարում ինտերնետը կենսական անհրաժեշտություն է։ Երբ քաղաքացին զրկված է ընտրությունից և ստիպված է օգտվել միայն մեկ օպերատորի ծառայություններից, սա արդեն ոչ միայն կենցաղային, այլ իրավական խնդիր է»։

Բնակիչները սպասում են արձագանքի

Այս պահին Զովունիի «Զովեր» թաղամասի բնակիչները սպասում են պետական լիազոր մարմինների արձագանքին և հույս ունեն, որ խնդիրը կստանա իրավական լուծում՝ ապահովելով ազատ մրցակցություն և որակյալ ծառայությունների հասանելիություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։