«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նարեկ Գուրգենի Ամբարյանը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում։
2014 թ. հուլիսի 1-ից նա եղել է կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, իսկ 2018 թ. մարտի 1-ից՝ նաև խորհրդի անդամ։
Մինչ մասնավոր հատված անցնելը Ամբարյանը աշխատել է իրավապահ համակարգում՝ եղել է ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ, նաև դատախազ։ Նրա հայրն էլ երկար տարիներ դատախազության լրատվական վարչության պետն էր՝ Գուրգեն Ամբարյանը։
Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել
Իրավապահների հաղորդմամբ՝ Ամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ղեկավար պաշտոն, իր կարգադրիչ և այլ լիազորությունները օգտագործել է ընկերության շահերին հակառակ՝ իր և այլ անձանց օգտին, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, ընկերության համար առաջացել են ծանր հետևանքներ։
Մեզ հետ զրույցում Ամբարյանը չի ընդունել մեղադրանքը՝ պնդելով, որ գործել է իր լիազորությունների շրջանակում։
Կապը «Հակարի» ՍՊԸ-ի հետ
Ամբարյանի անունը նախկինում ևս հայտնվել է լրատվամիջոցների հրապարակումներում։
2020 թվականին «Հետք»-ը գրել էր, որ «Հակարի» ՍՊԸ-ում, որը շահագործում է «Հագարի-2» ՀԷԿ-ը, բաժնետեր է Անահիտ Ղալթախչյանը՝ Նարեկ Ամբարյանի կինը։ Ըստ հրապարակման՝ նա ընկերությունում ունի 25% բաժնեմաս։
Հիշեցնենք, որ նույն հրապարակումների համաձայն՝ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, ևս 25% բաժնեմաս ունի նույն ընկերությունում։ Վահե Հակոբյանը ևս նախկինում դատախազությունում է աշխատել։
ԶՊՄԿ-ի նման խոշոր և համակարգային ազդեցություն ունեցող ընկերության դեպքում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետք է լինեն առավելագույն, բայց թափանցիկություն չի նկատվում։ Անգամ մեր հարցումներն են մնում բովանդակային անպատասխան։
Հիշեցնենք, որ Նարեկ Ամբարյանը՝ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին առաջին տեղակալը, ժամանակ առ ժամանակ հայտնվել է «Մաքուր երկաթ» գործարանի և տնտեսական դատավարությունների շրջանակում մեկ այլ հայտնի գործչի՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքի հետ համեմատական համատեքստում։ Մասնավորապես՝ տեղեկություններ են շրջանառվել, որ քննվող քրեական վարույթում Նարեկ Ամբարյանը կալանավորվել է միասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի հետ»։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




