«Ժողովուրդ». Վարորդական վկայական ստանալը` պատուհաս

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդական վկայական ստանալը դարձել է պատուհաս ապագա վարորդների համար։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած քաղաքացիները պնդում էին, որ վարորդական վկայականի տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննություն հանձնելու համար պետք է սպասել 6 ամիս՝ «Սեւանի» եւ «Աբովյանի» ՀՔԲ-ներում։

Ահազանգած քաղաքացին բացատրեց հետեւյալ խնդիրը. «Ես դրական արդյունք եմ ունեցել տեսական քննության ժամանակ։ Քննությունը հանձնել եմ օգոստոսին։ Հաջորդ օրն իսկ ցանկացա գրանցվել գործնական քննության, սակայն «Սեւանի» ՀՔԲ-ում հերթը միայն ինձ կհասներ փետրվարի 2-3-ին։ Մտածեցի՝ սպասեմ, նոր օրենքի ընդունումից հետո, հնարավոր է, օրեր ազատվեն։ Եկավ սեպտեմբերը, առաջին մեկ շաբաթում օրեր չազատվեցին։ Հիմա էլ նայում եմ՝ հերթն արդեն հասել է փետրվարի 27-28: Եթե հայտնի թեզին հավատանք, որ «առաջին անգամ ոչ ոք չի ստանում», ապա 2-րդը եւս կլինի 6 ամիս անց, ու կլրանա իմ տեսական քննության ժամկետը։ Ստացվում է, որ էս նոր օրենքն էլ է բյուջե լցնելու համար. փողը տանք՝ ստանանք, կաշառքը օրինականացվել է, էլի»,- վրդովված պատմում է ահազանգողը։

Նոր օրենք ասելով՝ քաղաքացիները նկատի ունեն, որ այսուհետեւ հնարավոր է վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաեւ բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում։

Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝

հաջորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

երրորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետեւյալ նոր ժամկետներում՝ յոթերորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց, տասնչորսերորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Հարկ է նշել, որ ներքին գործերի նախարարությունը հաշվառման քննական բաժանմունքներում ներդրել էր հերթային համակարգ։ Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող ՀՔԲ-ների հերթերը՝ նկատեցինք, որ բաշխվածությունը ոչ համաչափ է։ Օրինակ՝ «Սեւանի», «Աբովյանի» եւ մի քանի այլ ՀՔԲ-ներում եւս տեսական եւ գործնական քննության գրանցվելու ժամկետը փետրվար ամսի վերջին է, իսկ, օրինակ, «Գյումրի» ՀՔԲ-ում ամենամոտ օրը հոկտեմբերի առաջին շաբաթն է։

Հարկ է ընդգծել, որ անգամ հերթային համակարգը ծանրաբեռնված բաժանմունքների դեպքում նախանշված գործառույթը չի իրականացրել եւ համոզմունքը, որ գումարով ավելի շուտ քննություն հանձնելը կկատարի սահմանված գործառույթը, գրեթե զրոյական է։

ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին թե որն է ստեղծված պատկերի պատճառը.

«Եթե այս պահին, տվյալ ստորաբաժանման դեպքում, ամենամոտ օրը ցույց է տալիս փետրվարին, ապա հնարավոր է՝ որոշ ժամանակ անց ազատ օր ու ժամ լինի հենց այս ամսվա ընթացքում։ Հերթերի համակարգը ճկուն է եւ ցանկացած անձ կարող է թե՛ ամրագրել եւ թե՛ չեղարկել ընտրած օրը։

Բացի դրանից, ՆԳՆ նախաձեռնությամբ իրականացված փոփոխության շնորհիվ քաղաքացին հնարավորություն ունի դիմել մեկ այլ Հաշվառման քննական ստորաբաժանում՝ գործնական քննություն հանձնելու համար։ Այս պահի դրությամբ էլ կան ստորաբաժանումներ, որտեղ հնարավոր է հերթագրվել հենց հիմա, եւ օրերի ընթացքում մասնակցել քննությանը»,- ասված էր ՆԳՆ-ի արձագանքում։

Ստացվում է՝ օրինակ Սեւան քաղաքում բնակվող քաղաքացին, իր տանը մոտ գտնվող բաժանմունքը պետք է թողնի եւ այցելի, օրինակ, Գյումրի՝ վարորդական վկայականի քննությունը ավելի մոտ օր հանձնելու համար։

Ահա եւս մեկ անհարմարություն՝ մտցված նոր համակարգում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։