«Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանում ամենացածր ձայներով ընտրված քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսել է հերթական խստացման քաղաքականությունը մայրաքաղաքում՝ այս անգամ մտադիր լինելով առանց զիջման պայքարել վարչական շրջաններում առկա ապօրինի շինությունների դեմ։
Քաղաքապետարանից փոխանցած տեղեկության համաձայն՝ այս պահին Ավինյանի գլխավոր թիրախը Գնունու շուկան է, որը պետք է ամբողջությամբ «մաքրվի»՝ անտեսելով անգամ դատական որոշումները: Սակայն այստեղ խնդիրներն ավելի խորքային են։ Բանն այն է, որ քաղաքապետարանի համար «ապօրինի» համարվող շինությունների մի մասն իրականում ունեն որոշ օրինական փաստաթղթեր։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ սեփականատերերը դատական կարգով արդեն իսկ հաղթել են քաղաքապետարանին։ Մեր աղբյուրները հիշեցնում են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Գյուրջյանի շինության մասին, որը երկու եղբայրների սեփականությունն է, և որը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով քանդվել էր. հետագայում, դատարանում հաղթելուց հետո, եղբայրները ոչ միայն վերականգնեցին շինությունը, այլև կառուցեցին ավելի մեծը ստանալով փոխհատուցումներ։
Սակայն Ավինյանը, ըստ տեղեկությունների, իր թիմին հորդորել է չգնալ որևէ զիջման, նույնիսկ եթե դա նշանակում է անտեսել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումները։
Այլ կերպ ասած՝ թիմակիցներին ուղղված հրահանգն այն է, որ անհրաժեշտության դեպքում պետք է մերժել դատավճիռները, չկատարել դատարանի որոշումները, և եթե հարկ լինի նույնիսկ քրեաիրավական դաշտ մտնել»։