«Ժողովուրդ». ՔՊ-ի դռնփակ նիստում քննարկվել է Սյունիքով ճանապարհ տալու հարցը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Գորիսում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի ժամանակ իշխող էլիտայի քննարկման թեմաներից մեկը եղել է նաեւ Սյունիքի մարզով Ադրբեջան-Նախիջեւան հնարավոր ավտոճանապարհ տրամադրելու հարցը։ Թեման, որը հանրային դաշտում հայտնի է «միջանցք» անունով, քննարկվել է դռնփակ ռեժիմով՝ առանց լրատվամիջոցների ներկայության։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը քաղաքական հավաքի ընթացքում նկատելիորեն լարված է եղել։ ՔՊ-ականներն արձանագրել են, որ վարչապետը չի ստացել այն արդյունքներն ու հավաստիացումները, որոնք ակնկալում էր Թուրքիա, Աբու Դաբի եւ եվրոպական ուղղություններով վերջին այցերի ընթացքում։ ՔՊ-ի ներսում շրջանառվում է տեսակետ, որ այս փուլում միջազգային դերակատարները չեն պատրաստվում ամբողջությամբ աջակցել Փաշինյանի ցանկությանը՝ ճանապարհային խնդիրը կարգավորելու իր նախընտրած ձեւաչափով։

Դռնփակ քննարկման ժամանակ, ըստ մեր աղբյուրների, վարչապետ Փաշինյանը միանշանակ հայտարարություն է արել՝ վստահեցնելով կուսակիցներին, որ Հայաստանը որեւէ տարբերակով ավտոճանապարհ, միջանցք կամ տարածք չի տրամադրելու, եթե այն դուրս է լինելու Հայաստանի իրավազորությունից։ Նա ընդգծել է՝ «նույնիսկ ամերիկյան կողմի վերահսկողության ներքո ավտոճանապարհ չենք տալու»։

Սակայն հետաքրքիր հակասություն է նկատվում այս հայտարարության եւ իշխանության նախկին հայտարարությունների միջեւ։ Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ անցած տարի ասել էր՝ կոմունիկացիաների եւ ճանապարհների անվտանգությունը կարող է ապահովվել մասնավոր ընկերության միջոցով։ Այսօր Փաշինյանն իր դիրքորոշումը ձեւակերպում է կտրուկ ու բացառող ձեւով։

Իսկ արդյոք նման դիրքորոշումը կարող է Ադրբեջանին լեգիտիմ հիմք տալ՝ ուժով պահանջելու կամ վերցնելու այդ ճանապարհը՝ ՔՊ-ում հստակ պատասխան այս հարցին չունեն։ Իշխանության ներսում մտավախություն կա, որ հստակ ռազմավարության բացակայության պայմաններում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, իսկ խաղաղության համաձայնագիրը գուցե այդպես էլ չկնքվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։