«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարից սկսած մինչեւ շարքային պատգամավորն ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար. նպատակը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցաում կրկին տեղ զբաղեցնելն է:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այժմյան ՔՊ խմբակցությունից շատ քիչ մարդկանց ներառել հաջորդ ընտրացուցակում, քանի որ, ըստ Փաշինյանի, վերջիններս կա՛մ վարկանիշ չունեն, կա՛մ այլեւս նպատակահարմար չէ նրանց հետ ճանապարհ գնալ: Ու դա ակնհայտ երեւում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի, խմբակցության ղեկավարի ու քարտուղարի պահվածքից, ովքեր իրենց ելույթներում ամեն բան անում են՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը պաշտպանելու համար:
Վերջիններս ցանկացած ընդդիմադիրի քննադատությանը բուռն են արձագանքում, փողոցային վարքով են հանդես գալիս, ելույթներում վիրավորում են բոլորին: Թեժ պայքարի մեջ է մտել նաեւ երբեմնի նախարար Արսեն Թորոսյանը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանի աչքի փուշն էր դարձել, անգամ նպատակ կար նրան կալանավորելու, բայց հիմա նույնիսկ հայհոյանքներ է հնչեցնում թիվ մեկ ամբիոնից՝ միայն թե Փաշինյանի «աչքին երեւա»:
Եվ երեկ նրանք տասնյակներով գրավել էին ԱԺ ամբիոնը՝ սպառնալով ու վիրավորելով Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյաններին, միայն այն բանի համար, որ Լեւոն Քոչարյանը քննադատեց Փաշինյանի կառավարությանը, մարդկանց ուշադրությունը հրավիրեց՝ նկատելու, որ Փաշինյանը «համբալ» բառով վիրավորել էր իր ընդդիմադիր գործընկերներին, բայց նկատեց՝ «Երբ Փաշինյանը դրա հաջորդ օրը գնաց Մոսկվա, Դուք տեսե՞լ եք այդ տեսանյութը, հիմա ո՞վ ա «համբալ»»: Լեւոն Քոչարյանը հակադարձեց նաեւ Ալեն Սիմոնյանին՝ ասելով՝ որ վերեւից շպրտի, ցավոտ կլինի: Երեկ ԱԺ-ում «20-ը մեկի դեմ» արշավ էր՝ կեղտոտ, ցածրորակ եւ վիրավորանքներով ու սպառնալիքներվ լի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում