«Ժողովուրդ». Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, որ պաշտոնի է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերի 28-ին, պետական համակարգում անցյած ճանապարհ ունի։ Դրան զուգահեռ՝ լուրջ ունեցվածք։

Մասնավորապես, Գրիգորյանը 1995-2024 թվականներին ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետև աշխատել Մեծամորի համայնքապետարանում՝ նախ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա՝ խորհրդական։ Ավելի ուշ դարձել է նաև Արմավիրի մարզպետի խորհրդական, իսկ 2025 թվականի աշնանից արդեն զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց պաշտոնյայի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և պարզեց, թե ինչ ունեցվածք ու եկամուտներ ունի մարզպետի տեղակալը։

4 անշարժ գույք, մեկը՝ հենց պաշտոնից առաջ

Հայտարարագրի համաձայն՝ Գրիգորյանը ունի 4 միավոր անշարժ գույք Արմավիրում և Մեծամորում․

• բազմաբնակարան շենքում բնակարան՝ համատեղ սեփականությամբ, Արմավիր (2003 թ.)
• հողամաս՝ Արմավիրում (2003 թ.)
• հասարակական նշանակության շինություն՝ Մեծամորում (2022 թ.)
• անհատական բնակելի տուն՝ Արմավիրում (գնել է 2025 թ. օգոստոսի 29-ին)

Վերջին տունը ձեռք է բերվել 25 մլն դրամով։ Սակայն հետաքրքիր է, որ դրանից ընդամենը երեք շաբաթ առաջ՝ օգոստոսի 8-ին, Գրիգորյանը վաճառել է իրեն պատկանող հողամասը Արմավիրում՝ 4 մլն դրամով։

Այսինքն՝ գույքի վաճառքից ստացված գումարը ծածկում է տան արժեքի միայն մոտ 16 տոկոսը, իսկ մնացած միջոցների աղբյուրը հայտարարագրից ամբողջությամբ պարզ չի դառնում։

Ավտոմեքենա և դրամական միջոցներ

Փոխմարզպետը հայտարարագրել է նաև մեկ ավտոմեքենա՝ Toyota, 2012 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2019 թվականին։

Դրամական միջոցները ևս ուշագրավ են
Բանկային հաշիվներում
• 1,087,000 դրամ
• 4,449,000 դրամ

Կանխիկ
• 4,350,000 դրամ

Այսինքն՝ հաշվետու տարվա վերջում նրա տնօրինության տակ առկա գումարը կազմում է մոտ 9,886,000 դրամ։

Տարեկան եկամուտը՝ ավելի քան 27.5 մլն դրամ

2025 թվականի ընթացքում պաշտոնյայի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 27,537,341 դրամ։

Այն ձևավորվել է մի քանի աղբյուրներից․

• նվիրատվություն – 11,000,000 դրամ
• գույքի վաճառք – 4,000,000 դրամ
• տոկոսներ ավանդներից – 1,500,000 դրամ
• այլ եկամուտ – Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն – 1,870,000 դրամ
• աշխատավարձ – Արմավիրի մարզպետի աշխատակազմ – 2,167,661 դրամ
• վարձակալություն – «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ – 2,160,000 դրամ
• աշխատավարձ – Մեծամորի համայնքապետարան – 4,018,715 դրամ
• աշխատավարձ – «Էներգոնորոգգարանտ» – 820,965 դրամ

Եթե հաշվենք, ապա ամենախոշոր աղբյուրը նվիրատվությունն է, որը կազմում է ընդհանուր եկամուտների գրեթե 40 տոկոսը։ Բայց մյուս եկամուտներն էլ ահռելի են պետական համեստ պաշտոնյայի համար։

Նվիրատվություն՝ 11 մլն դրամ․ բայց ո՞վ է նա

Հենց այստեղ էլ առաջանում են առաջին հարցերը։

Հայտարարագրում նշված է 11 մլն դրամի նվիրատվություն, սակայն չի բացահայտվում, թե ով է նվիրատուն և ինչ հիմքով է փոխանցվել այդքան խոշոր գումարը։ Հաշվի առնելով, որ խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, նման փոխանցումների թափանցիկությունը խիստ կարևոր է։ Ինչ ծառայության դիմաց է նա ստացել նվիրատվությունը։

Միաժամանակ եկամուտներ պետական և մասնավոր հատվածից

Ուշագրավ է նաև եկամուտների կառուցվածքը։

Գրիգորյանը նույն տարում աշխատավարձ է ստացել միաժամանակ մի քանի տեղից՝

• մարզպետի աշխատակազմից,
• Մեծամորի համայնքապետարանից,
• ինչպես նաև մասնավոր ընկերությունից՝ «Էներգոնորոգգարանտ»-ից։

Անհամատեղելի են դրանք պարզապես։ Այսինքն՝ նրա եկամուտների մի մասը ձևավորվում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր կազմակերպություններից ստացված վճարումների հաշվին։

Նվիրատվություն կա, բայց վարկն էլ կա

Հայտարարագրում նշված է նաև 482 հազար դրամի վարկային պարտավորություն։

Սա ևս հետաքրքիր դետալ է․ եթե պաշտոնյան նույն տարում ստացել է 11 մլն դրամ նվիրատվություն, միլիոնավոր դրամների եկամուտներ, ապա հարց է առաջանում՝ ինչու է պահպանվում վարկային պարտավորությունը, թեկուզ համեմատաբար փոքր չափով։

Հարցերը մնում են բաց

Այսպիսով, պաշտոնյայի հայտարարագրի ուսումնասիրությունը մի քանի հարց է առաջացնում․

• ո՞վ է տրամադրել 11 մլն դրամ նվիրատվությունը,
• ինչպե՞ս է ձևավորվել 25 մլն դրամ արժողությամբ տան գնման ֆինանսավորումը,
• և ինչպիսի՞ հարաբերություններ են եղել այն մասնավոր ընկերությունների հետ, որոնցից պաշտոնյան եկամուտ է ստացել։

Պաշտոնատար անձանց հայտարարագրերը հենց այն գործիքն են, որով հասարակությունը պետք է կարողանա հասկանալ պաշտոնյաների ունեցվածքի և եկամուտների իրական ծագումը։ Սակայն երբ թվերը ամբողջությամբ չեն բացատրվում, հարցերը բնականաբար ավելանում են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։