«Ժողովուրդ». Պապիկյանը հեռացել է ԱԺ-ից, ՔՊ–ականները հանդիպում են պահանջել Հայկ Սարգսյանի հետ. աղմկոտ նախագծի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծը՝ բանակի ժամկետային զինծառայությանը վերաբերող, լուրջ աժիոտաժ է առաջացրել ՔՊ խմբակցության ներսում: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորների մի ստվար զանգված Սարգսյանի դեմ է դուրս եկել: Ավելին՝ հասել են նրան, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հանվել է օրենքի նախագիծը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռացել է խորհրդարանից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները պահանջել են փակ հանդիպում Հայկ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է ՔՊ-ականը վերջերս ինքնաբուխ գործերով զբաղված:

Նշենք, որ Սարգսյանի ներկայացրած նախաձեռնությունը, որը «փողով բանակից ազատվելու» մասին է, բուռն արձագանք է ստացել թե՛ խորհրդարանում, թե՛ հանրության շրջանում։

Սարգսյանի օրինագիծը առաջարկում է փոփոխություններ, որոնք էապես կփոխեն զինվորական ծառայության ներկայիս մոդելը. այն ներառում է հնարավոր տարբերակներ, կամ, այսպես ասած, գնացուցակ՝ ժամկետային ծառայությունից ազատման կամ փոխարինման համար որոշակի ֆինանսական փոխհատուցման դիմաց։

Սոցիալական ցանցերում ևս օգտատերերը մեղադրում են իշխանությանը՝ բանակը «մատուցվող ծառայության» վերածելու փորձի համար։ Մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ արդեն կոչ են արել հրաժարվել նախաձեռնությունից։

Ինքը՝ Հայկ Սարգսյանը, այս քննադատություններին ի պատասխան, հայտարարել է, որ օրինագիծը դեռևս մշակում է, և վերջնական տարբերակը ենթակա է հանրային ու մասնագիտական քննարկման։ Նրա խոսքով՝ նպատակն է ստեղծել արդարացի և արդյունավետ համակարգ, որը կսատարի բանակի բարեփոխումներին։

«Սա արմատական մոտեցում չէ, այլ նոր տեսլական՝ հին խնդիրներին։ Բանակում ծառայությունը պետք է լինի արդյունավետ և արդարացի, ոչ թե պարտադրական ու ձևական», – նշել է Սարգսյանը։

Այս պատգամավորը լավ չի հասկացել, որ բանակ գնալը պարտադիր է և կոչվում է «պարտադիր զինծառայություն»:

Երևի ՔՊ-ում այս տարրական բացատրական աշխատանքները կտանեն Հայկ Սարգսյանի հետ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։