«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվա խորհրդարանական նիստը, որը կարող էր լինել քաղաքական առողջ բանավեճի հարթակ, վերածվեց քաղաքական հաշվեհարդարի և ցուցադրական սպառնալիքի ներկայացման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, բառացիորեն ասաց՝ «Դու նստելու ես»։ Սա այլևս քաղաքական պոպուլիզմ կամ հռետորական հնարք չէ։ Սա ուղիղ սպառնալիք էր՝ հնչեցված երկրի օրենսդիր բարձրագույն մարմնում, ժողովրդավարական կառույցների առջև։
Վարչապետի այս վարքագիծը հիշեցրեց դեռևս այս տարվա մարտի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նշվում էր, որ «իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են, թե ով կամ ովքեր են լինելու հաջորդ պատգամավորները, որոնց հետևից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով ու կզրկի անձեռնմխելիությունից։ Իսկ որ բացի Տարոն Մարգարյանից և Հովիկ Աղազարյանից էլի օրենսդիրներ կան իրավապահ համակարգի թիրախում, մեր աղբյուրները չեն բացառում: Խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավորներից երկուսի մասին է, որոնց անունները առայժմ չենք հրապարակում»:
Թեև անուն չէինք նշել, բայց ենթադրություններ էին շրջանառվում, որ խոսքը Սեյրան Օհանյանի մասին է՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր խմբակցության ղեկավար։
Փաշինյանը երեկ կարծես հաստատեց մեր աղբյուրներից եկած լուրերը՝ իր հայտարարությամբ դատավճիռ կարդալով այն անձի հանդեպ, ում մեղադրանքը դեռ դատարանում անգամ չի քննարկվել։
Վարչապետ Փաշինյանի խոսքը ոչ միայն խաթարում է անաչառ արդարադատության գաղափարը, այլ նաև իր մեջ պարունակում է քաղաքական հետապնդման հստակ նշաններ։ Երբ երկրի ղեկավարը, ով պետք է լինի օրենքի գերակայության առաջին պահապանը, իրեն պահում է որպես մեղադրող, դատավոր և արդարադատության իրականացման գործիք, դատական իշխանության անկախության մասին խոսելն իսկ անիմաստ է դառնում։
Բացի այդ, սրանից ոչ պակաս մտահոգիչ է վարչապետի տոնն ու լեզուն՝ ագրեսիվ, վիրավորական և պետական պաշտոնյային ոչ պատշաճ։ «Ներվերս մի՛ կերեք, ձեզ պետքա կախաղան հանել, ձեզ պիտի սաղիդ տանեմ լցնեմ ԱԱԾ պադվալները, դու նստելու ես» ձևակերպումները առավել են խորացնում հասարակության բևեռացվածությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: