«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 8-ը դեռ երկար կհիշվի քաղաքական պատմության մեջ նրանով, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին ոչ միայն կալանավորեցին, այլև իշխանությունը նրան դաժան ծեծով ճանապարհեց կալանավայր։ Իսկ ովքեր էին իշխող «Քաղպայմանագրի» ջարդարարները և ինչով են նրանք հանրությանը հայտնի:
Վեճը հրահրեց Վահե Ղալումյանը՝ Արթուր Սարգսյանի հետ կռվի բռնվելով դռների մոտ, իսկ Արեն Մկրտչյանն ու Արսեն Թորոսյանը Տիգրան Պարսիլյանի հետ Գեղամ Մանուկյանին սկսեցին հարվածներ հասցնել: Հետո միացավ «Ռեմբոյի» կերպարի մոտիվներով հայտնի ձկնգող Նարեկ Գրիգորյանը, որն ակնհայտորեն աջուձախ բոլորին ոտքով, ձեռքով հարվածներ էր հասցնում: Կարճ ասած՝ մարտ՝ առանց կանոնների:
Այսպիսով՝ ով ով է:
Վահե Ղալումյան — հուլիսի 8-ի կռվի սադրիչը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրն է: Նա 2019 թվականին ունեցած իր ֆինանսները չէր հայտարարագրել, բայց ներվեց կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի կողմից:
Արեն Մկրտչյան — Երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, Ալավերդու չընտրված քաղաքապետ: Հուլիսի 8-ի ծեծկռտուքից հետո աջ ձեռքը չէր կարողանում շարժել. ենթադրաբար կոտրվածք ունի:
Արթուր Հովհաննիսյան — ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար, նախկին լրագրող: 2017 թվականի նոյեմբերի 28-ին նրա Nissan March մակնիշի ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Արթուր Հովհաննիսյանը, լինելով երևանաբնակ, բնակարանի վարձի գումար է ստացել պետությունից, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» հրամանով, բնակարան է ձեռք բերել Երևանի Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում: Ընդդիմադիր գործիչների «լեզուն», «ականջը» կտրելու սպառնալիքներով հայտնի անպատիժ պաշտոնյա:
Ռուստամ Բաքոյան — ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, որը խեղդում էր ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Գևորգյանին: Բաքոյանը աչքի է ընկել նաև իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով և հայհոյախառն այլ թեմաներով:
Տիգրան Պարսիլյան — Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, որին վերագրվում է հայհոյախոս պատգամավորի համբավը. աթեիստ է, աչքի է ընկնում ագրեսիվ վարքով բոլոր տեսակադրերում: Առաջինը հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու ծեծկռտուքը սկսվեց:
Կարեն Համբարձումյան — Բոլոր ժամանակներում ԱԺ բախումների ակտիվ մասնակից: 2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից և արդեն «Իմ քայլ»-ի, հետո՝ ՔՊ-ի ցուցակով դարձավ պատգամավոր. սակայն պաշտոնական կենսագրությունից ԲՀԿ-ի հատվածը ջնջել է»։