«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են արդարադատության նախարարի թեկնածու լինելուց: Նրանք չեն ուզում կառավարությունում աշխատել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՔՊ-ն, Արփի Դավոյանի թեկնածությունը քննարկելուց եւ նսեմացված կերպով մերժելուց հետո, ՀՀ արդարադատության նախարարի 4 թեկնածուների է դիտարկել՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան:
Իշխանամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանը եւ Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են իրենց թեկնածություններից՝ նշելով, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր: Մնացել են երկու թեկնածուներ՝ փաստաբան եւ նախկին պետավտոտեսուչ:
Հավելենք նաեւ, որ ի սկզբանե Սուրեն Գրիգորյանի թեկնածությունը ՔՊ-ում բացասաբար են ընդունել, քանի որ նա անգամ խորհրդարանում չէր կարողանում ինքնադրսեւորվել, միայն «խուճուճ խոսում էր»:
Այսպիսով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի շանսերն ավելի են մեծանում, վերջինս էլ հայտարարել է որ պատրաստ է արդարադատության նախարարի «բեռը կրել» եւ տեղափոխվել գործադիր: Տեսնենք՝ նա որքան կդիմանա Փաշինյանի կաբինետում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում