«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ՀՀ պաշտպանության փոխնախարար Արամ Սարգսյանը, գրեթե 20 տարի աշխատելով ոստիկանության համակարգում, պաշտպանության նախարարություն տեղափոխվել է միայն 2021 թվականին՝ միանգամից նախարարի տեղակալի պաշտոնում։ Հայտնի է, որ նրա առաջխաղացումը ՔՊ-ում ապահովել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Փոխնախարարը 3 անշարժ գույք է հայտարարագրել՝ համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի:
3 գույքերից 1-ը ավտոկայանատեղի է, 1-ը բնակարան, 1-ը հողին ամրակայված այլ անշարժ գույք, որոնք ձեռք է բերել 2018 թվականին:
2021 թվականին Սարգսյանը ձեռք է բերել Lexus մակնիշի ավտոմեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 787 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցը տարեսկզբին 15 հազար դոլար է եղել, որը զրոյացել է տարեվերջին, իսկ դրամական միջոցներից 7,5 մլն դրամը պակասել է՝ դառնալով 3,5 մլն դրամ։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտը կազմել է 70 մլն 753 հազար դրամ, որից 15 մլն 65 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Եկամուտներից 3 մլն 78 հազար դրամը կենսաթոշակ է, 109 հազար 500 դրամը աշխատանքի վարձատրություն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, 49 մլն դրամը և 3,5 մլն դրամը ստացած փոխառություն է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից։
Փոխնախարարի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 51 մլն 960 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Այս բաժնից տեղեկանում ենք, որ փոխնախարարը նախորդ տարի նոր բնակարան է ձեռք բերել»։